Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բրյուսելում քննարկվել է ՀՀ տարածք «ադրբեջանական համայնքի» վերադարձի հարցը. Անդրեյ Արեշև

18 Հուլիսի 2023, 23:48

Քաղաքականություն

«Նախ կցանկանայի նշել, որ ընթացող բանակցությունների մասին տեղեկատվությունն ունի ակնհայտ կցկտուր և ընդհանուր բնույթ։ Այսինքն, մենք, այդ թվում նաև այստեղ՝ Մոսկվայում, ինչպես Արցախում եւ Երևանում, ստիպված ենք ինչ-որ բան եզրակացնել, կռահել։ Այն ձևակերպումները, որոնք կիրառվում են բանակցությունների ընթացքում, մասնավորապես Շառլ Միշելի հայտարարությունը, որոշակի հող ու առիթ են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների համար, ընդ որում՝ մեկնաբանությունները Հայաստանի և Արցախի համար լավ ուղղությամբ չեն», — Alpha Newsուղիղ եթերում ասել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված էր, որ պաշտոնական Երևանը, առնվազն բանավոր կերպով, ճանաչել է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պատկանելությունը Ադրբեջանին:

«Այնուհետև տեսնում ենք, որ բրյուսելյան բանակցությունների ընթացքում պարոն Միշելը կրկին հնչեցրել է, թե այդ տարածքները նախկին խորհրդային հանրապետությունների տարածքներն են: Հնարավոր է՝ պարոն Ալիևի պատկերացմամբ՝ այդ տարածքները կարող են ավելանալ, եթե օգտվելով հայկական բանակի թուլությունից, նա շարունակի նորանոր պահանջներ առաջադրել: Ի դեպ, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բրյուսելում քննարկվել է ՀՀ տարածք ադրբեջանական համայնքի վերադարձի հարցը»,-շեշտել է Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ հարցին։