Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ Սիրիայի դեմ երեկվա հարձակումներն ուղերձ են Անկարային. Գաբրիելյան

03 Ապրիլի 2025, 22:00

Քաղաքականություն

Իսրայելը հարվածել է Դամասկոս և Համա քաղաքներին: Մայրաքաղաքում թիրախը հյուսիսում գտնվող գիտահետազոտական շենքն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

«Ապրիլի 2-ին իսրայելական ուժերը ներթափանցել են Դարաայի արևմուտքում գտնվող Նավա քաղաքի շրջակայք և տասնյակ ռազմական մեքենաներ տեղակայել այնտեղ: Ավելի ուշ Իսրայելի կողմից լուսարձակող ռումբեր են արձակվել Դարաայի և Քունեյթրա նահանգների վրա: Նույն ժամերին Իսրայելը հարվածել է նաև Դամասկոս և Համա քաղաքների վրա: Մայրաքաղաքում թիրախը հյուսիսում գտնվող գիտահետազոտական շենքն է: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խոսել է այս հարձակումների մասին և նշել, որ դրանք նպատակաուղղված են հստակ ուղերձ փոխանցել Անկարային: Առաջինն այն, որ Սիրիայում ռազմական խարիսխներ չհիմնեն, և երկրորդ՝ չմիջամտեն Սիրիայում Իսրայելի օդուժին»,- նշել է Գաբրիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ Սիրիայի ԱԳՆ-ն միջազգային կազմակերպություններին կոչ է արել վճռական կեցվածք որդեգրել։

«Ժամեր առաջ իսրայելյան ուժերը հետ են քաշվել Դարաայի շրջանի Նավա քաղաքի շրջակայքից։ Սակայն միաժամանակ հարձակումներ են գործել երկրի 5 տարբեր շրջանների վրա։ Դրա պատճառով տասնյակ զինվորներ և քաղաքացիներ վիրավորվել են։ Սիրիայի ԱԳՆ-ն հարվածները համարել է լարվածության սաստկացում և միջազգային կազմակերպություններին կոչ է արել վճռական կեցվածք որդեգրել և Իսրայելի վրա ճնշումներ գործադրել, որ այն կասեցնի հարձակումները և հարգի միջազգային օրենքներն ու պայմանագրերը»,- եզրափակել է Գաբրիելյանը։