Ըստ Քըլըչդարօղլուի՝ Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

Թուրքիայի քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և նախագահական ընրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 24-ին  հյուրընկալվել է յութուբյան «BaBaLa TV»-ի՝ ազատ խոսափողի ձևաչափով հաղորդմանը, գրում է Ermenihaber.am-ը։

Քըլըչդարօղլուն նշել է, որ ընտրվելու դեպքում պետական ավանդույթներին համապատասխան առաջին քայլը լինելու է այցը դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա Ադրբեջան:

ԺՀԿ առաջնորդը շեշտել է, որ ինչպես իր կուսակցության, այնպես էլ մնացած բոլոր կուսակցությունների և քաղաքական շրջանակների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ չի տարբերվում, ըստ նրա՝ Ադրբեջանի Բաքվի և Թուրքիայի Ստամբուլի միջև որևէ տարբերություն չկա:

«Ադբեջանի հետ մեր ունեցած բարեկամությունը, միասնությունը որևէ կուսակցության տեսանկյունից տարբեր չի կարող պատկերացվել, ո՛չ իմ, ո՛չ մյուս կուսակցությունների»։

Անդրադառնալով վերջերս իր իսկ կողմից առաջ քաշված Ադրբեջանը շրջանցող թյուրքական երթուղուն՝ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Մեր հիմնական նպատակը, անշուշտ, Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է։ Մեծացնել կենտրոնական Թուրքիայի նախագիծը և ստեղծել տնտեսական ենթակառուցվածք, որը շատ ավելի ամուր կապեր է ձևավորում Թուրքիայի և թյուրքական հանրապետությունների միջև»:

Իսկ «Զանգեզուրի միջանցքը» շրջանցելու, Ադրբեջանին վերոհիշհյալ ճանապարհով թուրքական աշխարհից դուրս թողնելու դժգոհություններին և պնդումններին ի պատասխան նա ասել է.

«Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից։

Իրանի և Հայաստանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ։

Թուրքիան իր տարածաշրջանում շատ ավելի ուժեղ կլինի, եթե  կարողանա համոզել, բացատրել, որ այս բացվելիք միջանցը և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ թյուրքական պետություններին մեծ նպաստ է բերելու և այն տնտեսական արդյունքը, որ ստեղծվելու է, բոլոր երկրները կարողանալու են կիսել։

Ու մենք այդ միջանցքը պարտավոր ենք ընդարձակել և մեծացնել։ Այն, ինչ ցանկանում եմ ասել, սա է։ Թե չէ Ադրբեջանի դեմ և այլն (հեգնում է- խմբ.)․․․ վերցնում, ասում են՝ վա՜յ, ինչու սա այսպես չասացիր»։

Հիմա եթերում