«Զանգեզուրի միջանցք» չի լինի. ՀՀ-ում Իրանի դեսպան

22 Մայիսի 2025, 16:10

Քաղաքականություն

Իրանը կողմ է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կարևորում է, որ դա անպայման լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին:

«Մենք աջակցում ենք խաղաղությանը: Մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու կաջակցենք: Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների, նաև տարածաշրջանի շահերից: Եվ պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին»,- ընդգծել է դեսպանը:

Նա հիշեցրել է՝ Իրանը ողջունել է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Սա կարող է տարածաշրջանում ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք: Բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո: Եվ ես կարծում եմ, որ այդ նախագիծը կնպաստի տարածաշրջանում ապրանքների տեղափոխմանը»,- նշել է դեսպանը:

Մեհդի Սոբհանին մեկնաբանել է նաև թուրք նախարարի՝ Ադրբեջանի հետ համատեղ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու մտադրության մասին հայտարարությունը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարձագանքի Իրանը, եթե Բաքուն փորձի դրան հասնել ուժով, Սոբհանին ասել է. «Ուժով ոչինչ չի կարող լուծվել։ «Զանգեզուրի միջանցք» չի լինի»։

Հիմա եթերում