«Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը շատ առումներով երկրորդական է. Իրինա Ֆյոդորովա
28 Հունվարի 2025, 21:30
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:
«Իրանը հիմա բավական բարդ իրավիճակում է, և դա կապված է ոչ միայն Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ։ Իրանում ներքին տնտեսական վիճակը բավականին հակասական է, խնդիրները շատ են։ Եվ այդ խնդիրներն ակնհայտորեն կարող են լուծվել, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկեն։ Բայց դա խիստ կասկածելի է, քանի որ շատ լուրջ սակարկություններ են ընթանում։ Ուստի, «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը շատ առումներով երկրորդական է, ինչը պայմանավորված է Իրանի ներքին իրավիճակով, այլ ոչ թե միայն այն արտաքին իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել։
Սակայն Իրանն այնքան էլ պարզ բանակցող չէ, չի կարող հեշտությամբ համաձայնվել որևէ զիջման։ Իմ կարծիքով՝ Թուրքիան ճնշելու է Իրանին՝ իրավիճակից օգտվելու համար, որովհետև «Զանգեզուրի միջանցքը», բնականաբար, մեծ առավելություններ կապահովի և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Նույնիսկ եթե այդ միջանցքն անցնի Իրանի տարածքով, Թուրքիան ցանկանում է, որ այդ միջանցքի օգտագործման գլխավոր, որոշիչ դերը կատարի ինքը, այլ ոչ թե Իրանը։ Բայց Իրանին, իհարկե, դա չի գոհացնի, ուստի շատ լուրջ գործարքներ տեղի կունենան այդ նախագծի մասնակից երկրների միջև»,-ասել է Ֆյոդորովան։
Նա միաժամանակ նշել է, որ Իրանը բարդ բանակցող է, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի դեմ ունի իր առավելությունները, որոնք կարող է օգտագործել: Այս պահին կարելի է ասել, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունները շատ լուրջ են լինելու, սակարկություններն ամեն դեպքում երկար են ընթանալու, և թե ինչպես կավարտվի, դժվար է ասել», — եզրափակել է Ֆյոդորովան։