«Զանգեզուրի միջանցքին» իրանական կողմն է դիմադրում․ Անի Ավետյան

09 Հունվարի 2024, 00:10

Քաղաքականություն

Alpha News-ի տարածաշրջանային հարցերով մեկնաբան Անի Ավետյանը մեր եթերում նշել է պատճառը, թե ինչու է Թուրքիան հենց 2028 թվականին նախատեսում իրագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

«Արդեն տևական ժամանակ է՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի դեմ օգտագործում են նաև փափուկ ուժի մեթոդը։ Նախ դիվանագիտական ճանապարհով՝ Հայաստանին զրկում են դաշնակիցներից, այնպես անում, որ Հայաստանն ինքն իր որոշումներով զրկվի այն դաշնակիցներից, որոնք կարող են օգնել պայքարել այդ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի դեմ։

Աբդուլքադիր Ուրալօղլուն, որը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն է, նշել է 2028 թիվը։ Ինչու է հենց այդ թիվը նշել ու ասել, որ Հայաստանից դրական ազդակներ են ստանում։

Թուրքերը շտապում էին։ Եթե լսենք՝ այդ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ Էրդողանն ինչ է ասել Արցախում 2020 թ․ պատերազմից հետո երեք տարիների ընթացքում, երբ խոսում էր Հայաստանի տարածքով միջանցք կոչվածի մասին, ապա կտեսնենք, որ Էրդողանի բոլոր նախադասություններում կա՝ «այս վայրկյանին, ինչքան հնարավոր է արագ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բացելու միտումը»։ Հիմա թուրք նախարարը անում է հայտարարություն՝ 2028 թվականը նշելով»,- ասել է Անի Ավետյանը։

Նա հավելել է, որ Թուրքիան միշտ էլ ասել է՝ այդ պաշտոնական Թեհրանն է դիմադրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»․

«Թուրքիայի նախագահը մշտապես ընդգծել է՝ այդ Հայաստանը չէ, որ դիմադրում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածին, այլ դիմադրում է Իրանը։ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի շուրջ Թուրքիան առաջին հերթին բանակցություններ է վարում իրանական կողմի հետ և այս 28 թվականը նշելը, շտապողականությունը թուլացնելը մի քիչ կարող է նշանակել փոխզիջում իրանական կողմին, որովհետև նաև իրանական կողմից դրական քայլերի ինչ-որ միտումներ եղան։ 2028 թվականը 4 տարի հետո է, 4 տարում դեռ շատ բան կարող է փոխվել, թուրք նախարարի հաշվարկները՝ ևս»,- նշել է Ավետյանը։

Մեր զրուցակիցը նաև ասել է, որ դեպի Արևմուտք թեքված Հայաստանը միգուցե ինչ-որ խոստումներ է տվել ԱՄՆ-ին, ասել՝ ռուսական կողմին թույլ չեն տա վերահսկել այդ միջանցք կոչվածը։

«Այո, Հայաստանը, ըստ թուրքական կողմի, չէր դիմադրում «Զանգեզուրի միջանցք» կոչվածին՝ դիմադրողի դերը հանձնելով իրանական կողմին։ Ուշագրավ է, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսում կան հստակ փոփոխություններ, մասնավորապես, հայացքը հառել է դեպի Արևմուտք, նկատելի է, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններում, որում նշված է ենթակառուցվածքների բացման մասին կետը, որը Թուրքիան ու Ադրբեջանը դրոշակ դարձրած՝ պահանջում են միջանցքը, այդտեղ նշված է նաև ռուսական գործոնի մասին։ Արևմուտքը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, ինչը փաստ է՝ ՆԱՏՕ-ից սկսած՝ մինչև այլ միջազգային հարթակներում գործակցություն։ Հայաստանը Արևմուտքի միջոցով է դրական ազդակներ հղել Թուրքիային, որովհետև Հայաստանը Արևմուտքից ստացել է դրական հայտարարություններ։ Գուցե ԱՄՆ-ն էլ Հայաստանից է դրական ազդակ ստացել և կփորձեն այնպես անել, որ ռուսական կողմը չվերահսկի այդ միջանցք կոչվածը, թուրքերը փորձում են ինչպես հնարավոր է դեռ առանց ռազմական էսկալացիայի հասնել իրենց ուզածին, և երբեք չեն հրաժարվելու այս նպատակից։ Բացառված չէ, նաև ռազմական ուժի կիրառումը»,- եզրափակել է Անի Ավետյանը։