«Զանգեզուրի միջանցքը» և TRIPP-ը․ Ալիևն ու Թրամփը տարածաշրջանում նոր ուղենիշներ են ուրվագծել

22 Հունվարի 2026, 17:22

Քաղաքականություն

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ ամերիկացի առաջնորդի իշխանության վերադարձից հետո։ Ադրբեջանի ԶԼՄ-ները նշում են, որ կողմերը կարևորել են Վաշինգտոնի դերակատարումը օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղմանը։

Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն հաստատված է, ինչը, նրա խոսքով, արտացոլվում է առևտրատնտեսական կապերի աճով՝ նավթամթերքի մատակարարումներից մինչև հացահատիկի տարանցում Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նա առանձնահատուկ ընդգծել է «Զանգեզուրի միջանցք»-ի և TRIPP նախագծի նշանակությունը՝ որպես տարածաշրջանային կապի առանցքային տարրեր։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի կարևորությունը, իսկ փոխադարձ այցերը գնահատվել են որպես ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների խորացման կարևոր գործոն։