«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար. Ադրբեջանի էներգետիկայի նախարար

04 Սեպտեմբերի 2025, 15:35

Քաղաքականություն

Ադրբեջանա-թուրքական չորրորդ էներգետիկ ֆորումում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ նշելով, որ այն կդառնա Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և «կանաչ էներգիայի» մատակարարման եզակի ուղի։

«Իգդիր-Նախիջևան գազատարի խողովակաշարը ոչ միայն ապահովում է բնական գազի ուղիղ մատակարարում Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային գծով, այլ նաև հետադարձ հոսքի հնարավորություն է ստեղծում՝ շնորհիվ ավելացված թողունակության։ Սա մեր երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության նոր դարպասն է», — նշել է նախարարը։

Նշենք, որ Հայաստանը կտրականապես մերժում է «միջանցք» եզրույթը՝ որպես իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում։ Ոչ մի միջազգային փաստաթուղթ, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, չի նախատեսում Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծում։ Խոսքը կարող է լինել բացառապես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ փոխադարձության հիման վրա, հայկական վերահսկողության ներքո և հայկական օրենսդրության շրջանակներում։