«Զանգեզուրի միջանցքը» խախտելու է տարածաշրջանային գեոպոլիտիկ բալանսը՝ ի վնաս Իրանի. իրանագետ
15 Հունիսի 2023, 17:30
Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանելով Էրդողանի այս հայտարարությունը, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը պարզաբանեց, թե ինչու է Իրանը դեմ «Զանգեզուրի միջանցքին»:
«44-օրյա պատերազմից հետո ակնհայտ էր, որ տարածաշրջանում եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խափանելու գլխավոր խոչընդոտն Իրանն է, որը մտահոգված է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան իր ուղիների անվտանգությամբ, որին կարող է խոչընդոտել թուրքական այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որը խախտելու է տարածաշրջանային գեոպոլիտիկ բալանսը՝ ի վնաս Իրանի: Այդ պատճառով էր ամիսներ առաջ Իրանը պարբերաբար հայտարարում, որ Հայաստանի սահմանների անխախտ պահելն իր կարմիր գիծն է»,- ասաց իրանագետը՝ հավելելով, սակայն, որ Իրանից վերջին շրջանում նմանբովանդակ հայտարարություններ չեն արվում:
Առաքելյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման արդյունքում է, որ իրանական կողմն այդքան ինտենսիվ չի հայտարարում Հայաստանի սահմանների խախտման անթույլատրելիության մասին:
«Հիմա Իրանը հույս չունի, որ հայկական կողմը սերտ կհամագործակցի իր հետ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղն ու անկլավները: Պատկերացնենք, որ հայկական երկու կարեւոր մայրուղիները, որոնք «Հյուսիս-հարավ» ծրագրի մեջ են մտնում, հանձնվեն Ադրբեջանին, պարզ է, որ մենք դեպի հյուսիս գնացող Իրանի ճանապարհները փակում ենք: Իսկ եթե Հայաստանը չունենա այդ երկու մայրուղիները դեպի հյուսիս գնացող, բնական է, որ Իրանը չի կարող հույս կապել Հայաստանի հետ՝ «Հյուսիս-հարավ»-ի հարցով եւ մնալու է Ադրբեջանի հետ համագործակցության մեջ, եւ պետք է փորձի Ադրբեջանի հետ հյուսիս գնացող ճանապարհները քննարկել, հետեւաբար, երբ Իրանը տեսնում է, որ Հայաստանն անուղղակի վնասում կամ վտանգում է Իրանի ազգային անվտանգությունը, փարձում է իր շահերը պաշտպանել եւ չխոսել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին»,- ասաց իրանագետը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին՝ հունիսի 14-ին, Ազգային ժողովում հրաժարվեց մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարարությունը:
Իրանագետի դիտարկմամբ՝ Արարատ Միրզոյանը պետք է արձագանքեր այդ հայտարարությանը:
«Ցավալի է, որ այս իրավիճակում, երբ Հայաստան-Իրան շահերը լուրջ շաղկապվածություն ունեն, մենք դա չենք օգտագործում ի շահ Հայաստանի»,- ասաց Հարութ Արթին Առաքելյանը: