Զաք Մինասյանը նշանակվել է «San Francisco Giants»-ի գլխավոր տնօրեն
06 Նոյեմբերի 2024, 19:45
«San Francisco Giants»-ը և «Baseball Operations»-ի նախագահ Բասթեր Փոսին ակումբի նոր գլխավոր տնօրեն են նշանակել պրոֆեսիոնալ սկաուտության փոխնախագահ Զաք Մինասյանին, հաղորդում է Բեյսբոլի գլխավոր լիգան (MLB)։
«Զաքն այստեղ իր աշխատանքի 6 տարիների ընթացքում մեր կազմակերպությանը բերել է հարուստ գիտելիքներ և փորձ: Նա ոչ միայն կարողանում է հրաշալի ընտրել տաղանդներին, այլև հրաշալի մարդ է։ Մենք հավատում ենք, որ այս նոր դերում նա մեզ ավելի լավը կդարձնի որպես թիմ և կազմակերպություն, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն», — ասել է Փոսին:
Զաքը հանդիսանում էր «San Francisco Giant»-ի սքաութինգի գծով փոխնախագահը, որին միացել էր 2019 թվականին մեկ այլ բեյսբոլի ակումբի՝ «Milwaukee Brewers»-ի միջոցով։ Milwaukee Brewers-ում աշխատելու ժամանակ Մինասյանն առանցքային դեր է խաղացել այնպիսի աստղային խաղացողների ձեռքբերման գործում, ինչպիսիք են Սի Սի Սաբաթիան, Զաք Գրինկին, Կառլոս Գոմեսը, Ջոշ Հադերը, Քորի Քնեբելը, Ժան Սեգուրան և Ուիլ Սմիթը:
«Ես անչափ շնորհակալ եմ Բասթերին և Giants կազմակերպությանն այս անհավատալի հնարավորության համար՝ օգնելու ղեկավարել մեր բեյսբոլի օպերացիաների բաժինն այս նոր պաշտոնում։Այս ակումբում գնահատելու շատ բան կա. տաղանդների գոյություն ունեցող միջուկն ինչպես Մեծ լիգայի, այնպես էլ Փոքր լիգա համակարգերում, նվիրված երկրպագուներ, վետերանների անհավանական խումբ և համայնքին աջակցելու կազմակերպության նվիրվածությունը: Ես անհամբեր սպասում եմ Բաստերի, Բոբ Մելվինի և մարզչական շտաբի, ինչպես նաև մեր ամբողջ բեյսբոլի օպերացիոն բաժնի հետ համագործակցելուն, որպեսզի սկսենք աշխարհի առաջնությունը Սան Ֆրանցիսկո վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է Զաք Մինասյանը։
Տեխաս նահանգի բնակիչ և Տեխաս-Առլինգթոնի համալսարանի շրջանավարտն ի սկզբանե աշխատել է տարբեր բաժիններում՝ հոր ղեկավարությամբ, ով 1988-2009 թվականներին եղել է Ռեյնջերսի ակումբի մենեջերը:
Մինասյանը բեյսբոլում խոր արմատներ ունեցող հայկական ընտանիքից է: Ռեյնջերս ակումբում անցկացրած տասնամյակների ընթացքում նրա հայրը դարձել է Լոս Անջելես Դոջերսի հանգուցյալ մենեջեր Թոմի Լասորդայի լավագույն ընկերը, ով Զաքի կնքահայրն էր: Մինասյանի եղբայր Կալվինը «Atlanta Braves»-ի ակումբի տնօրենն է, իսկ մյուս եղբայրը՝ Փերին, 2000 թ-ից «Los Angeles Angels»-ի գլխավոր տնօրենն է։