Զարեհ Սինանյանի գրասենյակը առաջին օրվանից միտված է եղել Սփյուռքի պառակտմանը. Ռոբերտ Մարգարյան

02 Նոյեմբերի 2023, 21:45

Քաղաքականություն

Զարեհ Սինանյանի գրասենյակը առաջին օրվանից միտված է եղել Սփյուռքի պառակտմանը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է իրավաբան-քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

«Մոտ երկու ամիս առաջ ես հրավեր տացա մասնակցելու Հայ իրավաբանների համագումարին, բայց չպատասխանեցի հրավերին: Այն ինձ ուղարկվել է 2-3 անգամ: Դրանց կից եղել է նաև Զարեհ Սինանյանի հրավերը և ծրագիրը: Բնականաբար ես չէի մասնակցելու այդ միջոցառմանը, քանի որ հստակ դիրքորոշում ունեմ այդ գրասենյակի գործունեության հետ կապված: Նրանք առաջին օրվանից միտված են եղել Սփյուռքի պառակտմանը: Զարմացա, երբ իմացա, որ իմ անունը հայտնվել է հյուրերի ցանկում, քանի որ ակտիվ իրավաբանական գործունեությամբ չեմ զբաղվում: Մինչդեռ ունեմ մի շարք գործընկերներ, որոնք ակտիվ զբաղվում են իրավաբանությամբ և կարող էին հայերին օգնելու հարցում ավելի մեծ դեր ունենալ, բայց հրավեր չեն ստացել»,- ասել է Մարգարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ծիծաղելի է, երբ ՀՀ իշխանությունները հրաժարվում են ինքնորոշում բառը օգտագործելուց, բայց Սինանյանը այդ թեմայով քննարկում է անում:

«Միջոցառման անունը իրենից ենթադրում է լուրջ հարցերի քննարկում, բայց գործնականում տեսնում ենք, որ այդպես չէ, քանի որ Սփյուռքի հետ կապված բոլոր աշխատանքները նմանատիպ ձևաչափով են ընթանում: Թե՛ կազմակերպման, թե՛ բովանդակության տեսանկյունից ոչինչ չասող համագումար է եղել:

Քննարկվող հարցերի մեջ եղել է Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, բայց տարօրինակ է, որ Զարեհ Սինանյանի գլխավորած կառույցը քննարկման է դնում մի թեմա, որից հրաժարվել է Հայաստանի իշխանությունը: Ծրագրում հստակ գրված էր, որ համագումարին պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավական հիմքերի քննարկում: Շատ ծիծաղելի է, երբ ՀՀ իշխանությունները հրաժարվում են ինքնորոշում բառը օգտագործելուց, բայց Սինանյանը այդ թեմայով քննարկում է անում: Պարզ է դառնում, որ նրանց այս քայլերի մեջ անկեղծություն չկա»,- ընդգծել է Մարգարյանը:

Հիմա եթերում