«Զախարյանը պատրաստ է դրսևորել իր ողջ տաղանդը». ԶԼՄ-ներ

05 Հուլիսի 2024, 00:40

Սպորտ

Իսպանական հայտնի «Mundo Deportivo» պարբերականը վերլուծել է հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մրցաշրջանը իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ում, ինչպես նաև կիսվել է 2024/2025 մրցաշրջանում ֆուտբոլիստի ելույթներից ունեցած սպասելիքներով:

«Զախարյանը պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և դրսևորել իր ողջ տաղանդը, որը նա ունի, և որը նախորդ մրցաշրջանում միայն ուրվագծային է դրսևորվել։ Ակնհայտ է, որ նրա դերն էլ ավելի նշանակալի կդառնա, եթե «Ռեալ Սոսյեդադ»-ին չհաջողվի պահպանել կիսապաշտպան Միկել Մերինոյին: Ժամանակի ընթացքում նա մեծացել է՝ հարմարվելով մարզումներին և աստիճանաբար տիրապետելով իսպաներենին։

Այսպիսով, նա դարձել է իսկական ակտիվ և մտել ռոտացիայի մեջ լիգայի վերջին 10 խաղերում: Նա վերջապես կարողացել է գործնականում կիրառել իր խաղը. «Կադիս»-ի դարպաս խփած գոլը և «Վիլյառեալի» ու «Ալավեսի» հետ խաղերում երկու գոլային փոխանցումներն այն սակավ ուղեբեռն էին 40 խաղում Զախարյանի համար, ով վստահ է, որ այս մրցաշրջանում կկարողանա զգալիորեն ավելացնել այդ ցուցանիշները», -գրել է Mundo Deportivo-ի լրագրող Անխել Լոպեսը Զախարյանի ելույթի վերլուծության շրջանակներում:

Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինն իր հերթին հայտնել է, որ իր ֆուտբոլիստը գտնվում է Ռուսաստանում:

«Արսենն այժմ արձակուրդում է և գտնվում է Ռուսաստանում։ Նա ունի անհատական ծրագիր, որով կարող է ինքնուրույն պատրաստվել: «Ռեալ Սոսյեդադ»-ի հավաքները կմեկնարկեն հուլիսի 11-ին, ինչը նշանակում է, որ մինչ այդ Զախարյանը կժամանի Իսպանիա», — Գոլուբինի խոսքը մեջբերում է Sport24-ը: