Զբոսաշրջության աճը «դրական շոկի» հետեւանք է. Մերի Հովսեփյան

02 Օգոստոսի 2023, 12:16

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում զբոսաշրջության աճը նկատելի է անգամ անզեն աչքով, սակայն այն «դրական շոկի»՝ արտաքին գործոնների հետեւանք է: Նույն՝ արտաքին հանգամանքներով պայմանավորված, զբոսաշրջիկների հոսքը մի օր կարող է նկատելիորեն նվազել:

«Հայաստանը փոխել է զբոսաշրջության համաշխարհային շուկայում իր դիրքավորումը»,- Alpha News-ի հետ զրույցում արձանագրում է Օրբելի կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը: Ըստ փորձագետի՝ համավարակից, պատերազմից ու տարածաշրջանային այլ զարգացումներից հետո, այս տարի ստեղծվել են բոլոր նախադրյալները զբոսաշրջության ոլորտում 2019-ի ցուցանիշին հասնելու եւ, նույնիսկ, գերազանցելու համար:

Հովսեփյանը վերջին երկու տարում զբոսաշրջիկների, մասնավորապես, ռելոկտաների հոսքը պայմանականորեն անվանում է «դրական շոկ», որը կոմպենսացրել է այն բացասական շոկերը, որոնք զբոսաշրջության ոլորտն ապրել է համավարակի շրջանում: «Այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով Հայաստանն ընդունել է, մոտ 1,9 մլն զբոսաշրջիկի: Այս թիվը գերազանցում է 2019-ի ցուցանիշը շուրջ 30 տոկոսով»,- ընդգծում է փորձագետը:

Ըստ փորձագետի՝ «դրական շոկը» վատ ազդեցություն է ունեցել միայն անշարժ գույքի շուկայի վրա: Պահանջարկի աճը հանգեցրել է գների աճին: Ռուս-ուկրաինական հակամարտությունը վերափոխել է նաև օդային երթուղիները: Նոր հնարավորություններ են առաջացել նաև մյուս երկրների համար: 2021-ի փետրվարից հետո Հայաստանում ավելացել են բոլոր ուղղություններով չվերթների քանակն ու դրանց հաճախականությունը:

Մերի Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանում այժմ կան 40 ավիաուղիներ, որոնք չվերթներ են իրականացնում տարբեր ուղղություններով: Հովսեփյանը ավիափոխադրումների ոլորտում առաջընթացը պայմանավորում է նաև ազգային ավիափոխադրող ստեղծմամբ: Ոլորտի վրա ազդեցություն է թողել նաև եվրոպական բյուջետային ավիաընկերությունների մուտքը դեպի հայկական շուկա: Տնտեսագետը, միևնույն ժամանակ, արձանագրում է՝ դեռ կա մեծ ներուժ, որը չի օգտագործվել:

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն են ունենում սահմանին թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները զբոսաշրջության ոլորտի վրա, փորձագետը պատասխանում է. «Որքան էլ միջազգային ինդեքսները փաստում են, որ Հայաստանը զբոսաշրջության համար ապահով երկիր է և մեր երկրում չկան ներքին անվտանգային ռիսկեր, այնուամենայնիվ, կան հիմնահարցեր, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի զարգացմանը»:

Հովսեփյանի ներկայացմամբ՝ այդ հանգամանքը ավելի նկատելի է սահմանային լարվածությունների ժամանակ: Թշնամու կրակոցներն ազդում են հատկապես սահմանային բնակավայրերում զբոսաշրջության հոսքերի ավելացման վրա:

Փորձագետը հիշեցնում է՝ զբոսաշրջությունը Հայաստանում ունի գերակա ոլորտի կարգավիճակ:

Ոլորտի զարգացման ամենակարևոր նախադրյալներից են զարգացած ենթակառուցվածքները, ծառայությունների հասանելիությունը և դրանց որակը: «Ներկայումս իրականացվում են քայլեր, սակայն, դրանք պետք է լինել շարունակական և կրեն ռազմավարական բնույթ»,- ասում է Մերի Հովսեփյանը: Նա առանձնացնում է նաև տարնսպորտի արդիականացման հարցը, օդանավակայաններից նոր երթուղիների ավելացման խնդիրը և այլն: Փորձագետը կարևորում է, որ Հայաստանը կայանա՝ իբրև զբոսաշրջային բրենդ: