Զելենոկումսկի հայ համայնքն անցկացրել է «Ժողովուրդների բարեկամությունը Ռուսաստանի միասնությունն է» թեմայով քննարկում

06 Նոյեմբերի 2024, 15:30

Մշակույթ

Զելենոկումսկ քաղաքի Խորհրդային մունիցիպալ շրջանի վարչակազմի երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ «Ուրարտու» հայկական համայնքում տեղի է ունեցել կլոր սեղան «Ժողովուրդների բարեկամությունը Ռուսաստանի միասնությունն է» թեմայով՝ նվիրված ժողովրդական միասնության օրվան:

Մինչ միջոցառման մեկնարկը հայ համայնքի ղեկավար Միխայիլ Մանվելովը շրջայց է կատարել կենտրոնում՝ հյուրերին ծանոթացնելով Հայաստանի մշակույթին, պատմությանը և համայնքի գործունեությանը: Հետաքրքիր էքսկուրսիայից հետո մասնակիցները հավաքվել են կլոր սեղանի շուրջ, որի ընթացքում քննարկել են բազմազգ Ռուսաստանում ապրող ժողովուրդների միասնության և բարեկամության թեման:

Հայկական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները տեսահոլովակ են պատրաստել Հայաստանի մասին, մասնակիցները նվագել են դհոլ և քամանչա: Իսկ «Ուրարտու» պարային համույթը ցուցադրել է հայկական պարի գեղեցկությունը: Ծրագրի եզրափակիչ մասը «Քոչարի» պարի վարպետության դասն էր, որը վարել է Էլմիրա Աղաբեկյանը, որից հետո տարբեր ազգությունների երիտասարդներ ձեռք ձեռքի տված պարել են միասնությունը խորհրդանշող հայկական այս հայտնի պարը:

Միջոցառմանը մասնակցել է տարբեր ազգությունների ավելի քան 25 երիտասարդ՝ ներկայացնելով խորհրդային շրջանի վարչակազմի երիտասարդական կենտրոնը, «Առաջինների շարժումը» և Զելենոկումսկի հայ համայնքի «Բարձրունք» երիտասարդական կազմակերպությունը:

Հիմա եթերում