Զելենսկին և եվրոպացի առաջնորդներն ամեն ինչ անում են՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունները տապալելու համար. Օլեգ Ցարյով
15 Դեկտեմբերի 2025, 21:15
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչ պետք է ակնկալել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցություններից:
Գերագույն Ռադայի նախկին պատգամավորի խոսքով՝ եթե իրենց բավարարում են Ռուսաստանի պահանջները, ապա պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ, հակառակ դեպքում՝ Ռուսաստանը կշարունակի առաջխաղացումը։
«Դժվար է ասել, թե ինչ ակնկալել։ Կարծում եմ՝ Թրամփն էլ մինչև վերջ վստահ չէ։ Մենք տեսնում ենք, որ Թրամփի թիմը բոլոր ջանքերը գործադրում է Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար։ Մենք տեսնում ենք, որ Զելենսկին և եվրոպացի առաջնորդները ժամանակ են ձգում և ամեն ինչ անում են այդ բանակցությունները տապալելու համար։ Հետևաբար, կտեսնենք, թե ում մոտ դա կստացվի։ Մենք գիտենք մեր նախագահի դիրքորոշումը, այն վերջերս հնչեցրել է օգնականը՝ Ուշակովը. մենք որևէ փոխզիջման չենք գնալու։ Մենք ունենք պահանջներ, մենք չենք սակարկելու։ Դրանք շարադրված են։ Եթե դրանք բավարարում են նրանց, ապա մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղություն ստորագրել։ Եթե ոչ, ապա Ռուսաստանը կշարունակի առաջխաղացումը», — ասել է Ցարյովը: