«Զելենսկու այցը խոսում է այն մասին, որ Հայաստանն իր դաշնակցի թշնամու կողմից է». միջազգայնագետ

26 Փետրվարի 2024, 23:28

Կարծիք | Քաղաքականություն

Զելենսկու այցը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ թե չեզոք դիրքերից է խոսում, այլ իրականում ում կողմից է, և դրանից որևէ դրական հետևանք դժվար է կանխատեսել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Հիմնական դրական հետևանքը մեզ համար կարող էր լինել Արևմուտքի կողմից՝ Ադրբեջանի դեմ ճնշման կիրառում, զենքի և սպառազինության ակտիվ մատակարարում՝ Թուրքիային և Ադրբեջանին դիմադրելու համար: Սակայն նրանց օրակարգում այս հարցերը չկան»,- ընդգծեց Մելքոնյանը:

Վերջինիս համոզմամբ՝ կոնկրետ զսպող մեխանիզմներ՝ դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, մինչ այսօր օկուպացված ՀՀ տարածքները, Ադրբեջանի՝ ՀՀ տարածքի հանդեպ նկրտումները, չկան։ «Հարաբերությունները կվատանան ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ, որովհետև Իրանն, ըստ Արևմուտքի ընկալման, Ռուսաստանի կողմն է»,-հավելեց միջազգայագետը:

Ըստ Մելքոնյանի՝ Հայաստանը չի ընկալվի որպես Ռուսաստանի թշնամի, բայց կընկալվի մի երկիր, որն ընդունում է իր դաշնակցի թշնամուն. «Ռուսաստանը պաշտոնապես ասում է՝ Հաւյաստան-Ադրբեջան հարցում իրենք ոչ մի կողմ չեն զբաղեցնում, չեզոք են, բայց պատերազմի ժամանակ մեզ զենք են մատակարարել: Հայաստանը ևս արել է այս հայտարարությունը, բայց փաստացի թշնամու կողմից է»:

Alpha News-ի հարցին, թե արդյոք ռուս սահմանապահների դեմ գրոհը հող էր նախապատրաստում Զելենսկու այցի համար, Մելքոնյանը նշեց, որ դրանք հնարավոր է ուղիղ կապված չլինեն, բայց մի շղթայի մաս են կազմում։

«Եթե Հայաստանը Արևմուտքից աջակցություն է ակնկալում, ապա պետք է բաց քայլեր անի Ռուսաստանի դեմ: Այդ քայլերից մեկն այն է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և ակնկալում է Արևմուտքի աջակցությունը»,- ավելացրեց միջազգայնագետը: