Զգուշավորությամբ կարելի է ասել, որ Իրանի վարչակարգը դիմակայեց. Բոգդան Բեզպալկո
14 Հունվարի 2026, 22:50
Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը և այն, թե ինչպես դա կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։
«Իրանում իրավիճակն իսկապես բարդ է, բայց առայժմ կարելի է զգուշավորությամբ ասել, որ վարչակարգը, որին արդեն ձախողված էին համարում, դիմակայեց։ Իրականում բողոքի ցույցերի համար ամենակարևորն ու վճռորոշն առաջին օրերն են։ Այժմ մենք տեսնում ենք, որ առանց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցվող հարվածների, իրանական կառավարությունն, ամենայն հավանականությամբ, կդիմանա։ Այն նույնպես հասարակական աջակցություն է վայելում, ունի այս հարցը լուծելու ուժային գործիքներ և արդեն լիովին ուշքի է եկել ու պատրաստ է ջախջախել այն բողոքողներին, որոնք փորձում էին տապալել Իրանի ներկայիս իշխանությունը»,- նշել է Բեզպալկոն։
Նրա խոսքով՝ եթե ամերիկացիներն ու Իսրայելը որոշեն գնալ ռազմական էսկալացիայի, հատկապես մասշտաբային, ապա դա, իհարկե, կարող է հանգեցնել անկայունության ողջ տարածաշրջանում, հատկապես, եթե նրանց սադրանքին արձագանքի Ադրբեջանը։
«Ինչպես սոցիալական ցանցերից մեկում ադրբեջանական դրոշով և կարճ մակագրությամբ գրառում կար՝ «Պատրաստվե՛ք, եղե՛ք զգոն»։ Այս դեպքում, իհարկե, էսկալացիան կարող է գնալ արդեն անվերահսկելի ուղիով՝ ռազմական հակամարտության մեջ ներգրավելով տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանին, Ադրբեջանին, Միջին Ասիայի ու Կովկասի մի շարք այլ երկրների։ Հակամարտության մեջ կարող է ներքաշվել նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Այս դեպքում, բնականաբար, կլինեն մեծ հետևանքներ։ Մասնավորապես, ամենայն հավանականությամբ, կդադարեցվեն նավթի մատակարարումներն Իրանից, քաոս կսկսվի, իսկ հնարավոր է նաև՝ քաղաքացիական պատերազմի տարրեր, լիարժեք քաղաքացիական պատերազմը միանգամայն հնարավոր է։
Կարող են ակտիվանալ անջատողական շարժումները Բելուջիստանում, Հյուսիսային Իրանի քրդերը և այլն, և դրանք կարող են արձագանք գտնել նաև այլ պետություններում՝ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, որտեղ այժմ մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական զորքերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմավորումների միջև։ Այնպես որ, սա ազդեցություն կունենա ողջ մակրոտարածաշրջանի վրա՝ և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի, և՛ Մերձավոր Արևելքի, և, իհարկե, Հարավային Կովկասի վրա, որտեղ գտնվում են Հայաստանն ու Ադրբեջանը»,-կարծում է Բեզպալկոն:
Փորձագետն առանձին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին և դրա հետ պոտենցիալ կապված իրադարձությունների շղթային։
«Այժմ այս նախագիծն իրականացվում է բավականին դանդաղ, բայց, այնուամենայնիվ, եթե, դիցուք, սրվեն հարաբերությունները Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Թուրքիայի միջև, ապա, իհարկե, այս նախագիծն անմիջապես հարցականի տակ կդրվի։
Եթե, օրինակ. միջանցքը փորձեն ուժով բացել Թուրքիան կամ Ադրբեջանը, դրա դեմ հանդես կգան, ենթադրենք, հայկական զինված ուժերը, իսկ հետագայում ստիպված կլինեն, օրինակ, մարտական գործողությունների մեջ մտնել ռուսական զինված ուժերը, որոնք գտնվում են Հայաստանի ռազմաբազաներում։ Սրանք բոլորը մոդելավորվող տարբերակներ են, պարտադիր չէ, որ ամեն ինչ հենց այդպես ընթանա։ Բայց տարածաշրջանի ապակայունացման այն սկզբունքը, որը կարող է գործել Իրանի նկատմամբ էսկալացիայի հետևանքով, որտեղ անկարգություններն, այնուամենայնիվ, կենտրոնացված են այդ պետության ներսում (և այն էլ ոչ ամբողջությամբ), կարող է գործել նաև այս ուղղությամբ»,-եզրափակել է Բեզպալկոն: