Զոհված զինվորների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան, ապա կարճ ժամանակ անց բացեցին

19 Մայիսի 2023, 14:40

Հայեր

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15:00-ին, կհրապարակի 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Շենգավիթի նստավայրում այսօր քննվեց Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, ապա դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Նիստից հետո 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան: Նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին:

Քիչ անց, սակայն, ծնողները որոշեցին բացել փողոցը: Նրանք պայքարը կշարունակեն դատարանի շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հայտնել էր, որ պատերազմում զոհված զինվորների ծնողները փորձել են առեւանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

Ըստ կայքի՝ զոհված զինվորների հարազատները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, բայց մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել հետեւից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը:

Զոհված զինվորների ծնողների նկարած կադրերից,սակայն, երեւում էր, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը համաձայնել նստել մեքենան եւ զրուցել Գայանե Հակոբյանի հետ:
Աշոտ Փաշինյանն իր առեւանգելու փորձի առթիվ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, ապա Քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ մարդուն առեւանգելու հատկանիշներով: Փաշինյանը տուժող է ճանաչվել:

Աշոտ Փաշինյանին առեւանգելու փորձի հիմքով ձերբակալվել էր չորս ծնող, ապա նրանցից երեքն ազատ էին արձակվել, իսկ Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել:

Նախօրեին տեղի է ունեցել Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումը: Հիշեցնենք նաեւ, որ երեկվանից Գայանե Հակոբյանը հացադուլ է հայտարարել:

Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վահան Հովհաննիսյանը դատարանին խնդրել են դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից մեկը կամ միաժամանակ մի քանիսը կիրառելու հարցը։

1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր)

2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը)

3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ)

4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր եւ Հրանտ Թոխատյանը)