Զոհվածների և անհայտ կորածների երեխաների համար միջոցառում է կազմակերպվել (լուսանկարներ)
01 Հունիսի 2023, 21:15
Այսօր՝ հունիսի 1-ին, «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ջանքերով Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների երեխաների համար տոնական միջոցառում է կազմակերպվել։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն ասել է, որ օրն առիթ է, որպեսզի երեխաներին ժպիտ պարգևեն և կտրեն տիրող իրականությունից։
«Ոչ ոք իրավունք չունի խլել մեր մանուկների անհոգ մանկությունը, ժպիտն ու երազանքները։ Փորձել ենք գեղեցիկ միջոցառում կազմակերպել մեր հերոսամարտիկների բալիկների համար, որպեսզի նրանք զգան մեր ուշադրությունն ու գոնե մի փոքր մոռանան կորստի ցավը։ Մեզ են միացել «Արցախի ձայներ» նախագծի փոքրիկները` իրենց գեղեցիկ կատարումներով, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանին»,-նշել է Ա. Ասրյանը՝ հավելելով, որ բոլոր երեխաներին օրվա խորհրդով նվերներ են հանձնել։
Նրա խոսքով` նվերների ձեռքբերման գործում ծրագրին աջակցել են «Հայկական Կարիտաս», «Առաքելություն Հայաստան», «Մարդը կարիքի մեջ» բարեգործական հասարակական կազմակերպությունները։
«Քանի որ նվերները բերել ենք Մայր Հայաստանից, այդ հարցում մեզ մեծապես աջակցել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության ողջ անձնակազմը՝ Սերգեյ Ղազարյանի գլխավորությամբ։ Շնորհակալ ենք նրանց մեր նախաձեռնությանը սատար կանգնելու համար»,-ընդգծել է մեր զրուցակիցը։
Համերգային ծրագրի ավարտից հետո երեխաները փուչիկներով մոտեցել են Ազատամարտիկների պուրակում տեղադրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հուշատախտակին և դեպի երկինք բաց թողել փուչիկներն ու աղավնիներ՝ ի նշան հարատև խաղաղության։