Զրկված ենք Արցախից դուրս որպես մարզիկ հանդես գալու իրավունքից. Ալեն Առուստամյան
12 Հունիսի 2023, 20:30
25-ամյա Ալեն Առուստամյանը 44-օրյա պատերազմից հետո արդեն երկու տարի է Ասկերանի շրջանի Բերքաձորի դպրոցում աշխատում է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, գրում է Panorama.am-ը:
Ալենն ընտրել է իր աշխատանքը գյուղական բնակավարյում, որպեսզի գյուղի երեխաներն էլ կարողանան ներգրավված լինել սպորտային կյանքում։ Արցախի թեթև աթլետիկայի թիմի հետ Ալենը ևս մեկնել էր Երևան՝ մասնակցելու հերթական ուսումնամարզական հավաքին: Դեկտեմբերի 12-ին, երբ ճանապարհը փակվեց, թիմով Երևանում էին:Մտածում էին, որ Արցախի շրջափակումը երկար չի տևի, և շուտ կվերադառնան տուն:
Հետո հասկացան՝ սխալվում էին։ Նրանց տեղափոխեցին հյուրանոց: Տարբեր անհատների կողմից թիմի համար հավելյալ ուտելիքներ ու որոշ պարագաներ էին ուղարկում: Չնայած այս ամենին՝ նրանք ուզում էին րոպե առաջ վերադառնալ տուն, հայրենիք:
Այդ օրերին միակ սփոփանքն այն էր, որ Երևանում կար փակ մարզադաշտ, որտեղ թիմը կարողանում էր պարապմունքներ անցկացնել։ Արցախում դեռ նման մարզադաշտ չկա։
«Իմ հոգեվիճակը չեմ կարող նկարագրել այդ 50 օրերի ընթացքում, չնայած հարմարություններին ու մարզադահլիճի առկայությանը, միևնույն է, ամեն պահ սպասում էինք զանգին, որ հիմա մեզ տեղափոխելու են Արցախ: Մեր ընտանիքը ևս բաժանված էր երկու մասի, ես ու հայրս միասին էինք, հայրս մեր թիմի մարզիչն է, իսկ մեր ընտանիքի մնացած անդամները Արցախում էին: Հունվարի 26-ին վերադարձանք Արցախ:
Երբ մտանք Ստեփանակերտ, լրիվ ուրիշ ապրումներ էր, ես չէի նկատում ցուրտը, լույս չլինելու հանգամանքը ու մնացած դժվարությունները: Ոտքս ամուր կպչում էր հողին ու ինձ հանգիստ ու վստահ էի զգում: Վերադառնալուց հետո անցա իմ բնականոն կյանքին, վերադարձա իմ սիրելի աշակերտների մոտ: Քանի որ գյուղում դպրոցները տաքացվում էին փայտե վառարաններով, մեր դասերը գրեթե չեն ընդհատվել:
Երեխաների մոտ նկատվում էր տրամադրության անկում, անկախ իրենց կամքից իրենք էլ են մասնակից դառնում այս դաժան իրականությանը: Որոշում կայացրեցի երեխաներին մի փոքր դուրս բերել այդ իրավիճակից և կազմակերպեցի վոլեյբոլի մրցաշար: Մրցաշարը շատ հետաքրքիր և աշխույժ անցավ, երեխաները, բացի լիցքաթափվելուց, նաև լավ մարզվեցին»,-պատմում է Ալենը։
Մասնակիցները ստացել են մարզաշապիկներ, իսկ հաղթողները՝ նաև մեդալներ:
Ալեն Առուստամյանն ասում է՝ շրջափակումը շ բացասական ազդեցությունն է թողել իր՝ որպես մարզիկ կարիերայի վրա:
«Այս ընթացքում Հայաստանում բազմաթիվ մրցաշարերե են կազմակերպվել, որին մենք չենք կարողացել մասնակցել: Ցանկացած մարզիկի համար կարևոր է մրցաշարերին մասնակցել ու ցույց տալ իր արդյունքները և ձգտել հաղթանակներ ապահովել և՛ իր, և՛ երկրի համար: Մեզ անգամ այդ իրավունքից են զրկել: Մարզիկների ապագան էլ է հարվածի տակ»,-նշում է ուսուցիչը։
Չնայած այս ամենին՝ Ալեն առուստամյանը չի ընկճվում, Արցախւ լքել չի պատրաստվում, նման բան չի էլ պատկերացնում։
«Իմ սաներին բացի «Ֆիզկուլտուրա» առարկա դասավանդելուց, նրանց մեջ փորձում եմ սերմանել նաև հայրենասիրություն ու հայրենիքի համար պայքարելու ոգի: Եթե ոչ մենք, ապա ովքե՞ր են պահելու մեր հայրենիքը»,- ասում է Ալենը: