1 պահանջ՝ ազատություն․ Փարիզում ցուցադրվում են Բաքվում պահվող 19 հայ գերիների նկարները

31 Օգոստոսի 2026, 16:23

Քաղաքականություն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացված ցուցահանդեսում ցուցադրվում են Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների դիմանկարները։ Այդ մասին հայտնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը։

Նախաձեռնության հեղինակներն են Փարիզի քաղաքապետարանն ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF)։

Ցուցահանդեսի նպատակն է հիշեցնել, որ Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ իրականացված բռնությունը ու հայրենիքից բռնի տեղահանությունը ուղեկցվել են Արցախի քաղաքական ղեկավարների ձերբակալությամբ: Դիմանկարները փակցված են Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա՝ հանրային տեսանելիություն ապահովելու նպատակով։

«Այսօր Փարիզում ցուցադրվող 19 դիմանկարները բանտարկյալների դեմքեր չեն։ Դրանք Արցախի պատմության, նրա քաղաքական կյանքի և նրա ժողովրդի իրավունքների կենդանի վկայություններն են»,- ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Խորհրդի մյուս խորհրդի համանախագահ Արա Թորանյանն էլ նշել է, որ քանի դեռ հայ գերիներն ազատ չեն, նրանց դեմքերը շարունակելու են հիշեցնել աշխարհին, որ արդարությունը չի կարող փոխարինվել մոռացությամբ, իսկ մարդու ազատությունը՝ քաղաքական պայմանավորվածություններով։