11 թիմ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից պայքարում է Ռոման Բերեզովսկու գավաթի համար
18 Հոկտեմբերի 2026, 20:43
Արմավիրի մարզի «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը, որոնց մասնակցում են 11 դպրոցական թիմեր Երևանից և Հայաստանի տասը մարզերից:
Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռուսական տան» մամուլի ծառայությունը, հաղթահարելով մարզային ընտրական փուլը՝ պատանի ֆուտբոլիստները ժամանել են պայքարելու հայ անվանի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան հանրապետական մրցաշարի գավաթի համար:
Խաղերի մեկնարկից առաջ մասնակիցներին և մարզիչներին ողջունել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անաստասիա Կուրբատովան: Նա նաև ընթերցել է ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի ողջույնի խոսքը, ով Ալեքսանդր և Ռոման Բերեզովսկի եղբայրների հետ միասին նախագծի նախաձեռնողն էր:
Իր ուղերձում Ֆեֆիլովը հիշեցրել է, թե ինչպես է հինգ տարի առաջ ծնվել մրցաշարի գաղափարը։ Այն ստեղծվել էր Հայաստանի սահմանամերձ շրջանների տղաների համար, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվեր «խաղալ իսկական մրցաշարում, ցույց տալ իրենց ունակությունները և զգալ, որ մեծ ֆուտբոլն ավելի մոտ է, քան թվո՛ւմ է»: Հինգ տարվա ընթացքում մրցումները ձեռք են բերել հանրապետական մասշտաբ։ Այսօր ընտրական խաղերին տարեկան մասնակցում է շուրջ երեք հազար երեխա և ավելի քան 110 դպրոցական թիմ ամբողջ Հայաստանից:
Պատանի ֆուտբոլիստներին աջակցելու էր եկել հատուկ հրավիրված Դենիս Գլուշակովը՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի չեմպիոն և ՌՖՄ-ի վարկածով 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:
Նա նշել է, որ հատկապես արժեքավոր է Հայաստանի բոլոր մարզերից թիմերի մասնակցությունը, և հույս է հայտնել, որ մրցաշարը հետագա զարգացում կունենա:
«Գլխավորը խաղից հաճույք ստանալն է։ Լսե՛ք մարզիչներին և մի՛ վախեցեք գնալ դեպի ձեր երազանքը»,— դիմել է ֆուտբոլիստը տղաներին։
Մասնակիցներին բարեմաղթանքի խոսքեր են ուղղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լալա Երիցյանը և «Բարության ուղի» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Բերեզովսկին՝ հաջողություն մաղթելով տղաներին առաջիկա խաղերում։
Բացման արարողությունից հետո թիմերը դուրս են եկել խաղադաշտ: Այսօր մարզադաշտում ընթանում են 1/8 և քառորդ եզրափակիչ հանդիպումները: Առաջին օրվա ծրագրում է նաև Դենիս Գլուշակովի վարպետության դասը երիտասարդ մասնակիցների համար: Հոկտեմբերի 18-ին կկայանան կիսաեզրափակիչ խաղերը, երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը: Միջոցառման կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Բարության ուղի» ՀԿ-ն: