1300 արցախցի երեխաների համար հայաստանյան մի շարք քաղաքներում Ամանորյա միջոցառումներ են անցկացվել

24 Դեկտեմբերի 2024, 10:50

Հայեր

Դեկտեմբերի 19-ին և 20-ին Կոտայքի մարզի Հրազդան և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքներում բնակվող արցախցի 1300 երեխաների համար Ամանորյա միջոցառումներ են անցկացվել:

«Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության բարեգործական հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ ամանորյա միջոցառումներ է անցկացնում արցախցի երեխաների համար: 4 տարվա ընթացքում հիմնադրամը շնորհավորել է արդեն 5000 երեխայի։

Ձմեռ պապի հետ երեխաներին շնորհավորելու էին եկել Ձյունանուշները, որոնց մարմնավորել էին Մոսկվայից ժամանած կամավորներ Ալինա և Անահիտ Սողոմոնյանները: Տոնական միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել նաև սպորտային վարպետության դասեր և թղթե շոու: Թենիսի վարպետության դասն անցկացվել է Հայաստանի հավաքականի ամենաերիտասարդ թենիսիստուհի Ալինա Սողոմոնյանի ղեկավարությամբ: Մարզական ծրագրերի բոլոր մասնակիցները, ովքեր ակտիվություն են ցուցաբերել, ամանորյա նվերներից զատ, «Փյունիկ» ՖԱ-ի կողմից նվեր են ստացել նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլային գնդակներ: