14 քաղաքացի սննդային թունավորման ախտանիշներով դիմել է Արտաշատի ԲԿ
02 Օգոստոսի 2026, 15:40
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
Նախնական տվյալներով՝ բոլոր հիվանդները մասնակցել են Արտաշատի «Արմենիա» ռեստորանում անցկացված մկրտության արարողությանը։ Տասը բուժառու անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ չորս երեխաներ հոսպիտալացվել են ինֆեկցիոն բաժանմունք և բուժում ստանալուց հետո նույնպես դուրս են գրվել։
Դեպքի առթիվ ՀՎԿԱԿ մասնագետները հիվանդներից, սննդամթերքից, շրջակա միջավայրից և ռեստորանի անձնակազմից նմուշներ են վերցրել։ Լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, իսկ դեպքի մասին տեղեկացվել են նաև ՍԱՏՄ-ն և ԱԱՏՄ-ն։