1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կեսօրին հրավիրած իր մամուլի ասուլիսին անդրադարձել է նաև սահմանից զորքերը հայելային հետքաշելու վերաբերյալ հարցին.

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, մենք վերահաստատում ենք այդ դիրքորոշումը՝ 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը, մեր կարծիքով, այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում։

Պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը արդեն տեսնում ենք ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը կարևոր է և ողջունելի է։

Գոնե այս պահին ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել՝ միաժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարևոր մաս է։

Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։

Բայց միաժամանակ պետք է արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների խախտում է, որովհետև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքով կողմերը պայմանավորվել են և պարտավորվել խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից»։

Փաշինյանը նաև նշել է, որ զորքերի սահմանային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման-սահմանազատման աշխատանքները, դա առանձին գործընթաց է։

Ըստ նրա՝ 1975 թվականի քարտեզը կարող է և պիտի հիմք հանդիսանա նաև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետև դա է ենթադրում 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ալմա-Աթայի հռչակարգի հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին։