2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև

15 Մարտի 2024, 10:50

Քաղաքականություն

Ղարաբաղի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց: Այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հնարավո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, և երեկ մենք այս հարցը լայնորեն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եվ ես մի փոքր բարձրացրի վարագույրը՝ նրանց որոշ մանրամասներ հայտնելով։ Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։

Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա «մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման» կարիքը չէր լինի», — ասել է Ալիևը։

Նրա պնդմամբ՝ 2019 թվականին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես «անընդունելի» առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի «անջատողականների» հետ։ Ըստ Ալիևի՝ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի թիզ վերադարձնել տարածքներից:

«Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է» (Արցախը Հայաստան է և վե՛րջ-Խմբ.), նախ միջազգային իրավունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց «հավակնոտ» մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել «մեր հողերը»», — ասել է Ալիևը։