2026 թվականի առաջին կիսամյակում ՌԴ-ից արտաքսվել է գրեթե 44 հազար օտարերկրացի
27 Հուլիսի 2026, 12:34
Այս տարվա հունվար-հունիսին Ռուսաստանից 59 երկիր է արտաքսվել 43 700 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ։ Այս մասին «Ведомости»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ըստ աղբյուրի՝ առաջին կիսամյակի այս ցուցանիշը 65,5 տոկոսով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Դատական կատարողների դաշնային ծառայությունից նշել են, որ անցած տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից արտաքսվել էր 26 400 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ։
Հուլիսի 24-ին Դաշնության խորհուրդը հավանություն է տվել օրենքին, որով ընդլայնվում է այն իրավախախտումների ցանկը, որոնց դեպքում օտարերկրացիներին կարող է սպառնալ արտաքսում։ Այդպիսի իրավախախտումների թիվը կավելանա ավելի քան երկու անգամ՝ 22-ից հասնելով 45-ի։։
Օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել հասարակական կարգը խախտելու, սահմանապահների օրինական պահանջներին չենթարկվելու, խտրականության դրսևորման, համացանցում մարդու արժանապատվությունը նվաստացնող տեղեկատվություն տարածելու և այլ իրավախախտումների համար։