ԱՄՆ-ին պարտադրելու ենք հաշվետվություն պահանջել Ադրբեջանից Արցախի ցեղասպանության համար․ Թերեզա Երեմյան

18 Սեպտեմբերի 2024, 13:41

Քաղաքականություն

ԱՄՆ-ին պարտադրելու ենք հաշվետվություն պահանջել Ադրբեջանից Արցախի ցեղասպանության համար: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի Կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երեմյանը:

«Հայ Դատի հանձնախումբը ներկայացնելու է բոլոր հարցերը Ադրբեջանի դեմ: Իսկ վաղվանից սկսած՝ Հայ Դատի հանձնախումբը նաև հանրահավաքների պիտի մասնակցի, սկսվելու է զորակցության արշավ, որի հիմքում քրիստոնեական կազմակերպությունն է: Մեր մշակույթը վտանգի տակ է, ներկայացվելու է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում և ինչ կլինի, եթե Ադրբեջանը շարունակի ներխուժել Հայաստան:

Ամերիկահայ համայնքի կողմից բազմաթիվ նահանգներում ժողովներ կանցկացվեն: ԱՄՆ-ին պարտադրելու են հաշվետվություն պահանջել Ադրբեջանից Արցախի ցեղասպանության համար»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը:

Երեմյանը փոխանցել է, որ ներկայացվելու են նաև 44-օրյա պատերազմի ու Արցախի շրջափակման ժամանակ արված լուսանկարները:

«Այս ամենի ընթացքում Կոնգրեսին ներկայացնելու ենք նաև Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները, որ արվել են 2020 թվականի պատերազմի և բլոկադայի ընթացքում: Ներկայացվելու է նաև արցախցիների պայքարի պատմությունը և Արցախի հայության իրավիճակը: Կոնգրեսի ներկայացուցիչներն էլ պետք է ներկա լինեն ու հայտնեն իրենց կարծիքը»,- մանրամասնել է Թերեզա Երեմյանը: