«Անուշ» օպերան կներկայացվի արտիստական բացառիկ կազմով

21 Հունիսի 2023, 09:20

Մշակույթ

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է, որ ազգային օպերային գրականության մեջ ստեղծեց նոր ոճական ուղղություն։ Վերջինս շուրջ 88 տարի է ներկայացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ հունիսի 24-ին «Անուշ» օպերան կներկայացվի բացառիկ արտիստական կազմով՝  Անուշի դերերգով հանդես կգա Հասմիկ Թորոսյանը, Սարոյին վարպետորեն կմարմնավորի ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը, Մոսիին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը:

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան հայ ժողովրդի մշտական ուղեկիցն է, մեր ժամանակակիցը, պատմության վկան: Օպերան մշտապես ընդգրկված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում և ամեն անգամ մեծ ոգևորությամբ ընդունվում է հանդիսատեսի կողմից։