Հայը Աստծո զինվորն է. Պարգև սրբազան

10 Մայիսի 2023, 11:36

Հայեր

«Սա մեր քրտինքով ձեռք բերված հաղթանակ է, որը մենք միշտ պիտի հիշենք: Սա մեր ժողովրդի մեծագույն հերոսությունն  է եղել: Մեր ժողովուրդը միասնական էր, ինչը մեզ օգնեց հաղթել՝ մի միտք էինք, մի կամք, մի խնդիր, մի նպատակ և անսահման հավատ՝ դեպի հաղթանակ, որովհետև լինել-չլինելու հարց էր»,- «AlphaNews»-ի հետ զրույցում ասում է Պարգև սրբազանը: 

Ինչու՞ է ժողովուրդը ընկճված. այս հարցին նա տալիս է հետևյալ պատասխանը. 

«Խնդիրը այն է, որ այսօր մեր ժողովուրդը բաժան-բաժան է արված, հներ-նորեր, սպիտակ-սև: Այսօր կարծես թե մեր հայրենիքը և մեր ժողովուրդը նպատակ չունեն, մեր ժողովուրդը պիտի խնդիր դնի, նպատակ դնի իր առջև ու աշխատի: Այսպես ապրել չի կարելի, մենք պիտի վերակերտենք մեզ, վերարթնանաք, փոխենք մեզ: 

Պիտի միաբանենք մեր բոլոր ուժերը, հավատում եմ հայկական գենին, մեր գենը շատ հզոր է, մենք դեռ պիտի կարողանանք հաջողություններ արձանագրել: 

Ամեն ինչ կախված է մեզանից, մենք եղել ենք այսպիսի ծանր իրավիճակներում՝ Շուշի, Մարտակերտ հանձնել ենք, Արցախը շրջափակված եղել է, բայց մենք այդ օղակը ջարդեցինք, կամաց-կամաց եկանք-հասանք մեծ հաղթանակի, մենք պիտի իրար գոտեպնդենք, իրար ոգի պիտի տանք, իրար պիտի զորացնենք, այդտեղ դժվար բան չկա, պիտի վեր կենանք, շարունակենք մեր քայլը»: