Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ ծանր. Յուրի Լյամին

03 Դեկտեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական փորձագետ Յուրի Լյամինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը:

Փորձագետի կարծիքով՝ Սիրիայում իրավիճակը շարունակում է բավականին ծանր մնալ։

«Այնտեղ հնարավոր եղավ խուսափել ամենածանր սցենարով իրադարձությունների զարգացումից՝ ամբողջ պաշտպանության փլուզմամբ, բայց իրավիճակը, միևնույն է, մնում է բավականին ծանր։ Գրոհայիններին հաջողվել է գրավել զգալի մասը, այժմ նրանց վերահսկողության տակ է գտնվում գրեթե ողջ Հալեպը, նրանք շարունակում են փորձել առաջ անցնել, մարտերը ընթանում են Համա նահանգի հյուսիսում։ Սիրիայի կառավարական զորքերի համար այժմ շատ կարևոր է պահել հենց Համա քաղաքը, քանի որ այն առանցքային նշանակություն ունի: Եթե նրանց հաջողվի պահել Համա քաղաքը և զինյալներին հետ շպրտել Իդլիբ, ապա հետո արդեն հնարավոր կլինի սկսել վերականգնել ամեն ինչ, անցնել հակահարձակման, բայց առայժմ հակառակորդը շատ ակտիվ ճնշում է գործադրում Համայի վրա, այդ պատճառով իրավիճակը մնում է ծանր», — ասել է Լյամինը։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հիմա Իրանը սկսել է մատակարարել զենք-զինամթերք, ժամանակ է պետք, որ համալրումներն այնտեղ հասնեն։

«Դա այնքան էլ հեշտ չէ, այդ ամենն ակնթարթորեն չի արվում, ուստի այժմ կարևոր պահ է, թե ինչքանով իրավիճակը կկայունանա առաջիկա օրերին։ Եթե հակառակորդը, գրոհայիններն այժմ կանգնեցվեն, ապա տեսանելի ապագայում արդեն հնարավոր կլինի խոսել բավական ակտիվ հակահարձակման հնարավորության մասին։ Գլխավորն այն է, որ թույլ չտան հետագա արագ առաջխաղացումները։ Գրոհայիններին հաջողվել է շատ կարճ ժամանակում փլուզել ճակատը Հալեպում, դրա պատճառով էլ իրավիճակն այնտեղ գնաց ծանր սցենարով, որից հիմա պարզապես պետք է դուրս գալ»,-եզրափակել է Լյամինը։