Պուտին–Թրամփ–Ծինփին հանդիպման նախապատրաստությունն սկսվել է․ Յուրի Ուշակով
25 Հոկտեմբերի 2026, 15:30
Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 18–19-ը Շենժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ, APEC) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին «Вести» հաղորդաշարի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների առանձին երկկողմ հանդիպումն այս պահին համաձայնեցված չէ, քանի որ հիմնական քննարկումները վերաբերել են հենց եռակողմ ձևաչափին։ Այդուհանդերձ, Ուշակովը նշել է, որ երկու տերությունների ղեկավարների՝ նույն միջոցառմանը մասնակցելու հանգամանքն ինքնին փոխգործակցության հնարավորություններ է ստեղծում․ նրանք կկարողանան առնվազն շփվել արարողակարգային միջոցառումների շրջանակում։
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերին Մայամիում կայանալիք «G20» գագաթնաժողովին հնարավոր մասնակցությանը, որին Դոնալդ Թրամփը նախկինում հրապարակայնորեն հրավիրել էր նրան, նախագահի օգնականն ընդգծել է, որ համապատասխան որոշումը կկայացվի նոյեմբերյան հանդիպումների արդյունքներով։
«Սկզբում նոյեմբերն է, հետո՝ դեկտեմբերը»,- ասել է Ուշակովը։
Յուրի Ուշակովը նաև հայտարարել է, որ խաղաղ կարգավորման հասնելու համար ԱՄՆ-ին և Ուկրաինային անհրաժեշտ է ներգրավել Եվրոպային։ Նրա խոսքով՝ Կիևին ցուցաբերվող եվրոպական անզիջում աջակցությունն առայժմ խոչընդոտում է Վաշինգտոնին՝ Ուկրաինային խաղաղության համաձայնության դրդելու հարցում։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի 4-ից հետո վերսկսել եռակողմ շփումները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ։ Սակայն ընդմիջումից հետո նախատեսվող առաջին հանդիպումը, նրա գնահատմամբ, կունենա զուտ նախնական, կողմերի դիրքորոշումները ճշտելու բնույթ և դժվար թե հանգեցնի որևէ էական առաջընթացի։