ԵԱԶԲ-ն կանխատեսում է դրամի աստիճանական թուլացում
10 Դեկտեմբերի 2024, 13:40
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծական աշխատանքների տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը Ալմաթիում 2024 թվականի արդյունքների ամփոփման շրջանակներում Alpha News-ին մեկնաբանել է 2025 թվականին Հայաստանում դրամի փոխարժեքի և գնաճի ցուցանիշի վերաբերյալ ԵԱԶԲ-ի կանխատեսումը։
«Դրամն այս մակարդակում արդեն առաջին տարին չէ, որ պահպանվում է, և ինչպես տեսնում ենք վիճակագրությամբ, արտահանողները նույնպես հարմարվում են դրամի ներկայիս մակարդակին․ Հայաստանից արտահանումն աճում է, աճում է բարձր տեմպերով։
Ինչ վերաբերում է դրամի դինամիկայի վերաբերյալ 2025 թվականի հեռանկարին, ապա մենք չենք ակնկալում ուժեղ, նշանակալի ինչ-որ տատանումներ և փոխարժեքի շեղումներ։ 1-2 տոկոսի սահմաններում աստիճանական թուլացումը հասնում է դոլարի դիմաց 400-405 դրամի մակարդակի», — ասել է Կուզնեցովը։
Ինչ վերաբերում է հաջորդ տարվա գնաճի ցուցանիշին, ապա նա ասել է. «2024 թվականին Հայաստանում գնաճը, ինչպես տեսնում ենք, ամենացածրն է մնում Եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրների շարքում։ Մենք կարծում ենք, որ այս ցուցանիշով Հայաստանը լավագույն արդյունքները ցույց կտա 2025 թվականին, և Կենտրոնական բանկին կհաջողվի գների աճը պահել նպատակային ուղենիշի շրջանակներում։ Դա ևս թույլ կտա նվազեցնել տոկոսադրույքները, ինչը ևս լրացուցիչ կխթանի տնտեսությունը։
Միևնույն ժամանակ, կպահպանվի այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որը թույլ է տալիս գնաճը վերադառնալ թիրախային միջակայքում և միևնույն ժամանակ խթանել տնտեսությունը: Եվ այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ չնայած տնտեսական աճի բարձր տեմպերին, նպատակների շրջանակներում կպահպանվի նաև բավականին կայուն գնաճ»։