Ստեփանակերտում կազմակերպվել է «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը

23 Հունիսի 2023, 08:16

Մշակույթ

Հունիսի 22-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կայացել է ԱՀ և ՀՀ գրողների միության անդամ Ալիսա Բաղդասարյանի՝ «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ԱՀ Գրողների միության նախաձեռնությամբ։ Գիրքը տպագրվել է  «Արմավ» հրատարակչությունում։

Մեզ հետ զրույցում Ալիսա Բաղդասարյանն ասել է, որ «Տունդարձի ճանապարհին»-ը  իր վեցերորդ  գիրքն է։

«Խորագրի ընտրությունը պատահական չէր, այն նախորդ`  «Պատերազմից հետո» գրքիս շարունակությունը դարձավ:   Պատերազմից հետո տունդարձի ճանապարհը բռնած արցախցու հոգեվիճակն է այստեղ։ Այդ  ճանապարհին արցախցին յուրովի է մեկնաբանել իրողությունը.  հայտնվելով այդ ճանապարհին, անշուշտ, տարբեր զգացողություններով է հասել Արցախ և շարունակել ապրել այստեղ։ Գրքում տեղ են գտել վերջին շրջանում գրած ստեղծագործություններս, որոնցում արցախցու ոչ միայն մտահոգություններն են, հոգսն ու ցավը, այլև՝ սպասելիքները ապագայի հանդեպ»,-նշել է հեղինակը։

Գրքի խմբագիր Սլավի-Ավիկ Հարությունյանի համոզմամբ՝ այն պատերազմից հետո տուն դարձող մարդու առճակատումն է իր նոր ճակատագրի հետ։

Нет описания.

«Ալիսա Բաղդասարյանը, կամա թե ակամա, իր գրքում անդրադառնում է Աստվածաշնչյան  կոորդինատային մտքին՝ «Անցյալը պատռոտված լաթի պես դարձել է ներկայի զգեստ»։ Գիրքը յուրօրինակ ապրելու համար պայքարի տարածություն է։ Նրա գեղարվեստական մտածողությունը սերտորեն առնչվում է ժամանակի և տարածության կատեգորիաներին, որտեղ բացահայտվում է հեղինակի բանաստեղծական լեզվի նոր իմաստավորումը, ընդգծվում  այդ լեզվական ձևերի ճշգրտությունն ու արտահայտչականությունը»,-ընդգծել է խմբագիրը։

Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանն այն  համոզմունքն է հայտնել, որ գիրքն  ընթերցելիս անհնար է չտեսնել պատերազմի ժամանակ, պատերազմում ապրող կնոջը։

«Գրքում ողբերգություն, սիրո ցնծություն ու խոստովանություն կա։ Ուրախ եմ, որ այսօր գիրք է հրատարակվում, և մենք զգում ենք գրքի հոտը»,- նշել է Ն. Գասպարյանը։

Нет описания.

Գրող, բ.գ.թ, դոցենտ Զարինե Սառաջյանը մեզ հետ զրույցում կարևորել է Արցախում հերթական գրքի լույսընծայումը։

«Արցախը գտնվում է շրջափակման մեջ:  Արցախցուն տարբեր  ճնշումների են ենթարկում, բայց նա ոչ միայն դիմադրում է, այլև շարունակում է արարել, ստեղծում է գրքեր։ Ալիսա Բաղդասարյանն Արցախում ապրող մայր է, ով  հայրենի հողում  երկու զավակ է մեծացնում, և իր սրտում  կրում  այն բոլոր ցավերն ու  տագնապները, որոնք բնորոշ են այստեղ ապրող մորը։ Նա  բոլոր հույզերը կարողացել է գեղարվեստորեն  պատկերել բանաստեղծությունների միջոցով»,-նշել է Զ. Սառաջյանը։

Շնորհանդեսին ներկա էին հեղինակի գրչընկերները, Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ:

Հիմա եթերում