Ծայրահեղ ծանր վիճակում Հայաստան տեղափոխված 1-ամյա փոքրիկը հետազոտության փուլում է
24 Հունիսի 2023, 21:15
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:
յս մասին տեղեկացնում են «Արաբկիր» բժշկական համալիրից:
«Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով և ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն և տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան, և մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով:
Մի քանի տեսազանգերից և հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ:
Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում:
Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր եւս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաև արյունազեղում:
Արցախի բժիշկները հրատապ և անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երևան:
Տեղափոխման կազմակերպումը ձգվել է եւս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ և նշանակվել է հակացնցումային դեղորայք:
Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երևան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: