Ռուսաստանաբնակ տիեզերագնաց Կիվիրյանը այցելել է Գագարին գյուղ

26 Հունիսի 2023, 17:57

Հայեր

Տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը այցելել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը կրող բնակավայր: Սևանի համայնքապետարանից հայտնում են, որ նրան դիմավորել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Սևանի համայնքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուները:

Կիվիրյանը ծաղիկներ է խոնարհել աշխարհում առաջին տիեզերագնաց Գագարինին և տիեզերագնացությանը նվիրված հուշարձանին: Նշենք, որ հայ տիեզերագնացը 30 տարեկան է։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո պահեստային լեյտենանտ է դարձել։

2022 թվականին նա 2200 հավակնորդներից ընդգրկվել էր ռուսական տիեզերագնաց ջոկատում։ Կիվիրյանը առաջին անգամ տիեզերք կթռչի 2026-28 թվականներին: