Չեխիայում 400 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ ի պաշտպանություն հանրային լրատվամիջոցների
15 Նոյեմբերի 2026, 21:30
Պրահայի «Լետնա» զբոսայգում տեղի է ունեցել զանգվածային հանրահավաք՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման համակարգի բարեփոխման։ Չեխական ČTK լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հղում անելով ակցիայի կազմակերպիչներին՝ բողոքի ցույցին մասնակցել է շուրջ 400 հազար մարդ՝ Չեխիայի տարբեր շրջաններից, այդ թվում՝ 1989 թվականի «Թավշյա հեղափոխության» մասնակիցներ։
Բողոքի ցույցերի առիթը վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած իշխող կոալիցիայի հավանությանն արժանացած օրենսդրական փոփոխություններն են, որոնցով նախատեսվում է Չեխիայի հեռուստատեսության և Չեխիայի ռադիոյի ֆինանսավորման գործող համակարգը փոխարինել պետական բյուջեից ուղղակի ֆինանսավորմամբ։ Ներկայումս այդ լրատվամիջոցները ֆինանսավորվում են քաղաքացիների և ընկերությունների վճարած պարտադիր վճարների հաշվին, որոնց չափը կազմում է 150 չեխական կրոն (շուրջ 7 ԱՄՆ դոլար)։
Բողոքի ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ ֆինանսավորման նման փոփոխությունը կարող է վտանգել հեռարձակողների խմբագրական անկախությունը։ Բացի այդ, իշխանությունները մտադիր են երկու լրատվամիջոցների բյուջեներն էլ միջինում կրճատել 15 տոկոսով։ Դրանց ղեկավարության նախազգուշացմամբ՝ նման որոշումը կարող է հանգեցնել մի շարք հայտնի հաղորդումների փակմանը և աշխատակիցների զանգվածային կրճատումներին։
Առանց հասարակական կարգի լուրջ խախտումների անցած հանրահավաքի ավարտին կազմակերպիչները նախատեսել են ստորագրահավաք՝ ի պաշտպանություն հանրային լրատվամիջոցների, համապատասխան միջնորդագրի ներկայացման նպատակով։