Եվրապարտատոմսեր. ֆինանսական հաղթանա՞կ, թե՞ նոր պարտք
19 Մարտի 2025, 19:20
Վերջերս տեղեկացանք եվրապարտատոմսերի հերթական՝ հինգերորդ տեղաբաշխման մասին: Թողարկված պարտատոմսերը 750 մլն դոլար արժողությամբ են, 7.1 % եկամտաբերությամբ:
Իհարկե այս գործողության հետ կապված կան բազում հարցեր՝ սկսած թանկ տոկոսադրույքից, մինչև՝ ովքեր են ձեռք բերել ՀՀ-ի կողմից տեղաբաշխված պարտատոմսերը: Ի դեպ, ֆինանսների նախարարությունն իր հերթին խոսել է որոշ ռիսկերի մասին և խոստացել հրավիրել ասուլիս՝ պարզաբանող հարցերի պատասխաններով, որին, անշուշտ, կհետևենք:
Սակայն մինչ այդ, ներկայացնենք եվրաբոնդերի թողարկման ընթացքը:
Ինչպես երևում է պատկերում բերված տվյալներից, եվրապարտատոմսերի եկամտաբերությունը բռնել էր նվազման ուղին, ապա՝ վերջին թողարկմամբ կտրուկ բարձրացել է: Սա նշանակում է, որ այդ արժեթղթերի դիմաց փոխառությունը ՀՀ-ին տրվելու է բավական թանկ գնով:
Նշենք, որ եվրապարտատոմսերի գնի ձևավորման վրա բավական մեծ ազդեցություն ունեն երկրի վարկային վարկանիշը, մակրոտնտեսական կայունությունը, պարտքային կառավարելիությունը, կամ այլ կերպ ասած՝ երկրի ռիսկի հավելավճարը, որը, նշվում է, որ մեզ մոտ կայուն է վերջին տարիներին: Բայց փաստացի, տոկոսադրույքը բավական բարձր է: Իհարկե, այս իմաստով գործոն է նաև այդ պահին շուկայում միջին տոկոսադրույքը: Այսօրինակ և շատ այլ հարցեր կան, որոնք ենթակա են վերլուծության, բայց փաստն անփոփոխ է, որ սրանով ավելանում է մեր արտաքին պարտքը, հետևաբար նաև՝ պետական պարտքն ընդհանուր առմամբ: Իսկ վերջինիս մասով վիճակն արդեն իսկ բավական անհանգստացնող է:
Փետրվարի դրությամբ պետական պարտքը հատել է 13 մլրդ դոլարի շեմը: Եվ հետևաբար, նոր՝ 750 մլն դոլարի եվրապարտատոմսերը, թեկուզ եթե այդ գումարի զգալի մասն ուղղվի նախկին պարտքի մարմանը, բայց դա որոշ չափով միևնույն է մեծացնելու է մեր երկրի պարտքը, հետևաբար՝ նաև բյուջեի պարտքային բեռը: