ՌԴ-ի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող. Վլադիսլավ Գասումյանով

Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «Ռուսաստան և աշխարհ. երկխոսություններ-2025» 9-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ-ի դերին միջազգային հանրությունում և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան այցին:

Փորձագետի կարծիքով՝ միջազգային հանրությունից ՌԴ-ի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող։

«Չնայած ՌԴ-ին մեկուսացնելու հավաքական Արևմուտքի բոլոր փորձերին, դա տեղի չի ունենում։ Մենք կարող ենք նայել այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը, ՇՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, G20-ը և շատ այլ ձևաչափեր, որտեղ ներկայացված է Ռուսաստանը։ Դրա ամենավառ օրինակը Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթն էր, մենք տեսանք, թե որքան պետությունների առաջնորդներ կային այնտեղ, որքան օտարերկրյա պատվիրակություններ էին ներկա։ Ոչ մի մեկուսացման մասին խոսք լինել չի կարող», — ասել է Գասումյանովը։

Փորձագետի խոսքով՝ ինչ վերաբերում է ՌԴ-ի և ՀՀ-ի փոխհարաբերություններին, ապա պետք է ելնել նրանից, որ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Հայաստանը միութենական պետություն է ՌԴ-ի համար:

«Երեկ ՌԴ արտաքին գործերի նախարարն իր խոսքում ասաց, որ թյուրիմացության շրջանն արդեն անցել ենք։ Ցանկացած հարաբերություններում կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել։ Միակ տարբերությունն այն է, թե ինչպես հաղթահարել դրանք, ինչ ուժով, ինչ ձևերի և մեթոդների օգնությամբ: ՀՀ-ի հետ հարաբերություններում այս ամենը հաղթահարվում է երկխոսության միջոցով։ Եվ Ռուսաստանի արտգործնախարարի երեկվա այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հարաբերությունների անկյունաքարը առաջնորդների, ժողովուրդների, քաղաքական էլիտաների միջև վստահության մակարդակի բարձրացումն է։ Եվ երեկվա այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ հարաբերություններին, երեկ հայտարարվեց, որ ոչ ոք չի հրաժարվում, որ մենք դաշնակիցներ ենք, ոչ ոք չի հրաժարվում ՌԴ-ի կամ ՀՀ-ի հետ հարաբերություններից։ Նախարարը երեկ ասել է, որ Հայաստանը միութենական պետություն է, մեր բարեկամը։ Եվ, ինձ թվում է, հենց այս սկզբունքից պետք է ելնել», — եզրափակել է Գասումյանովը։