Անկարգություններ Լոս Անջելեսում

09 Հունիսի 2025, 15:25

Քաղաքականություն

Լոս Անջելեսում չեն դադարում բողոքի ցույցերը: Անցած ուրբաթ օրվանից սկսած հանրահավաքները շարունակվել են նաև շաբաթ և կիրակի օրերին: Ցուցարարները բողոքում են Թրամփի կողմից էմիգրանտերի հանդեպ վարվող քաղաքականության դեմ:

Բողոքի ակցիաները նոր թափ են առել, երբ այսպես կոչված ICE-ի աշխատակիցները սկսել են խուզարկությունները: Դրանից հետո սկսվել են բախումները, որոնց ընթացքում ցուցարարները քարեր են նետել ոստիկանական ուժերի ուղղությամբ, այրել ավտոմեքենաները և պարզել Մեքսիկայի դրոշը: Ոստիկանությունը գործածել է լուսաձայնային նռնակներ, կրակել է ռետինե փամփուշտներով՝ օգտագործելով արցունքաբեր գազ։

ICE-ն որպես կանոն չի գնում այն միգրանտների ետևից, որոնք դիմել են օրինական ճանապարհով և սպասում են իրենց գործերի ընթացքին: Թիրախում նրանք են, որոնք ունեն քրեական անցյալ կամ դատարանի կողմից արտաքսման որոշում: Կան միգրանտներ, որոնք արդեն իսկ արտաքսված են եղել երկրից, բայց ապօրինի կերպով կրկին մուտք են գործել Միացյալ Նահանգներ:

Լոս Անջելեսի կենտրոնում այս պահին փակ են երեք փողոցները: Քաղաքից մոտ 200 կմ հեռու տեղակայված են զինվորական գումարտակներ, այդ թվում՝ ծովային հետևակի մարտիկներ: Մինչ այդ, Թրամփի հրամանով 2000 գվարդիականներ արդեն տեղակայվել էին Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում, քանի որ ցույցեր տեղի են ունենում ոչ միայն Լոս Անջելեսում, այլ նաև նահանգի մյուս քաղաքներում: Կալիֆորնիայի նահանգապետն ու Լոս Անջելեսի քաղաքապետը, մեղմ ասած, չեն ողջունում Թրամփի որոշումը և դեմ են միգրանտների դեմ տարվող արշավին, քանի որ, ըստ գործող օրենքի, նահանգապետի կողմից ազգային գվարդիայի օգնության խնդրանք չի եղել:

Անկարգություններ տեղի են ունենում նաև Նյու Յորքում։ Հաղորդվում է Մանհեթենում մեկ զոհի մասին։

Հիշեցնենք, որ երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, Դոնալդ Թրամփն ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացել էր անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքն ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը: Նա նաև արտակարգ իրավիճակի համազգային ռեժիմ էր սահմանել՝ կապված ԱՄՆ հարավային սահմանին տիրող իրավիճակի հետ: Ավելի ուշ Դոնալդ Թրամփը սոցցանցում շնորհակալություն էր հայտնել Ազգային գվարդիային՝ «կատարած լավ աշխատանքի» համար։