Ամերիկյան քաղաքականության մեջ լուրջ պառակտում է նկատվում Իրանի հարցում. Մալեկ Դուդակով

Ամերիկագետ-քաղաքագետ Մալեկ Դուդակովն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանն ԱՄՆ-ի հնարավոր ներգրավումը։

Փորձագետի խոսքով՝ այժմ Վաշինգտոնում սուր պայքար է ընթանում «բազեների» և մեկուսացվածների միջև։

«Մենք անորոշ տրամադրվածություն ենք տեսնում Թրամփի վարչակազմի ներսում։ Մի կողմից, կան «բազեներ», որոնք կցանկանային հենց հիմա Իրանին ռմբակոծել, իդեալական կլիներ՝ Թեհրանի ռեժիմը փոխելը և արևմտամետ, ամերիկամետ մեկին իշխանության բերելը։ Մյուս կողմից, կան մեկուսացված պրագմատիկներ, որոնք, հակառակը, վախենում են, որ այս հակամարտությունը կվերածվի անվերահսկելի էսկալացիայի։ Եվ եթե ամերիկացիները ներքաշվեն դրա մեջ, ապա դրանից դուրս գալը չափազանց դժվար կլինի, ինչը կխաթարի ԱՄՆ դիրքերն առնվազն Մերձավոր Արևելքում, առավելագույնը՝ աշխարհում։ Ուստի հիմա Վաշինգտոնում շատ լուրջ պայքար է ընթանում «բազեների» և մեկուսացվածների միջև։

Ամերիկյան քաղաքականության մեջ խորը պառակտում է նկատվում։ Ըստ իս՝ երկշաբաթյա դադարի վերաբերյալ Թրամփի վերջին հայտարարությունները խոսում են այն մասին, որ, այնուամենայնիվ, նա և իր թիմը գիտակցում են էսկալացիայի ռիսկերը և փորձում են մի փոքր ժամանակ ձգել։ Կարծում եմ՝ Թրամփի խնդիրն այժմ ԱՄՆ-ի բանակցային դիրքերն ուժեղացնելն է։

Ես լիովին հնարավոր եմ համարում, որ նրանք կփորձեն այս երկու շաբաթվա ընթացքում ինչ-որ համաձայնության գալ Իրանի հետ, և այդ ժամանակ Թրամփը կկարողանա իրեն հռչակել «խաղաղարար», որը կարողացավ ապաէսկալացնել իրավիճակը։ Եթե դա տեղի չունենա, եթե ամերիկյան և իրանական պատվիրակություններին չհաջողվի ընդհանուր լեզու գտնել, ապա ես չէի բացառի հարվածներն Իրանի օբյեկտներին։ Այսինքն՝ հարձակման հավանականություն, անշուշտ, գոյություն ունի»,- նշել է Դուդակովը։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման շանսերը պահպանվում են:

«Թրամփի վարչակազմը լիովին դուրս չի գալիս բանակցային ուղուց։ Ավելին, արդեն բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման հնարավորության շուրջ։ Դրա համար, անշուշտ, ամերիկացիները ստիպված կլինեն վերացնել ռուսական ավիափոխադրողների նկատմամբ պատժամիջոցները։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցով բանակցություններին, ապա դրանք երկրորդ պլան են մղվել, քանի որ այժմ Թրամփի վարչակազմի առաջնահերթությունը Մերձավոր Արևելքն է։ Կարծում եմ՝ ռուսական կողմը չի շտապեցնում ամերիկացիներին, և աշխատանքային խմբերը, ինչպես աշխատել են, այնպես էլ շարունակում են աշխատել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Իմ կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ներկայիս էսկալացիան հնարավորությունների պատուհան է բացում Ռուսաստանի համար. մենք շփումներ ունենք հակամարտության բոլոր կողմերի՝ Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։ Ուստի Ռուսաստանը կարող է ազդել մերձավորարևելյան հակամարտության վրա, և մենք, անշուշտ, շահագրգռված ենք ապաէսկալացիայով։ Մենք նաև ամերիկացիներից որոշակի զիջումներ կսպասենք արդեն ուկրաինական ուղղությամբ»,- նշել է Դուդակովը։

Ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, փորձագետը հավելել է, որ այդ տարածաշրջանները դեռևս առաջնային չեն:

«Դեռևս դժվար է ասել՝ արդյոք Թրամփի վարչակազմն ընդհանրապես որևէ ռազմավարություն ունի հետխորհրդային երկրների նկատմամբ։ Երևում է, որ այդ տարածաշրջանները դեռևս առաջնային չեն։ Կարծում եմ ՝ բոլոր գործընթացները կընթանան ավտոմատ ձևաչափով, իսկ հետո կնայեն իրավիճակին։ Բայց մի բան պարզ է՝ եթե Իրանի շուրջ լուրջ էսկալացիա սկսվի, այն կանդրադառնա բոլոր մասնակիցների և հարևանների վրա, ներառյալ, անշուշտ, Անդրկովկասի երկրները»,- եզրափակել է Դուդակովը։

Հիմա եթերում