Եկեք քիչ խոսենք, որովհետև քիչ բան գիտենք Հայաստանում քաղաքական շարժումների, նպատակների մասին. Պոլսո Պատրիարք

24 Հունիսի 2025, 18:30

Քաղաքականություն

Ինչպե՞ս կլինի հայ առաքելական եկեղեցին և պետականությունը բախում ունենան. կարելի բա՞ն է սա։ Այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։

«Հայաստանի վիճակը ես այսպես եմ տեսնում, որ մշուշ կա, հատկապես 44-օրյա պատերազմից հետո այնպիսի մշուշ իջավ մեր ազգի վրա, որ աչք աչքի չի տեսնում, հայը հային թշնամի է դարձել, հայը հային ամբաստանում է, ամեն մարդ ամեն տեղ դավաճան է տեսնում, ամեն մարդ բոլոր կործանումների համար մեկ պատասխանատուի է ուզում գտնել։

Այդպես չէ, մշուշն է այդպես ցույց տալիս։ Ինչպես կլինի Հայ առաքելական եկեղեցին և պետականությունը բախում ունենան։ Սա մտածված բա՞ն է։ Երբ որ պետություն չկար, մենք հազարամյակներ աղոթեցինք, որ Աստված պետականություն շնորհի հայ ազգին։ Հետևաբար, սիրելիներ, պետք է աղոթենք և խնդրեմ քիչ խոսենք, որովհետև քիչ գիտենք մենք դեպքերի մասին, քիչ գիտենք այդ քաղաքական շարժումների, ընթացքի, նպատակների մասին։

Մենք սփյուռքի մեջ պետք է աղոթենք, որպեսզի Քրիստոսը շարժման անցնի։ Այնպես որ ես իմ աղոթքները կուղղեմ մեր հայրենիքի բարօրության համար, անդորրության համար և ձեր բոլոր աղոթքները հավաքեմ, խաղաղություն թող լինի։ Աստված մեզ այդ իմաստությունը տա, հայի աչքերում մենք տեսնենք եղբայրը և քույրը»,- նշել է Պոլսո Հայոց պատրիարքը։