«Sputnik Ադրբեջան»-ի գործով ձերբակալվել է 7 մարդ. ԶԼՄ-ներ

01 Հուլիսի 2025, 14:37

Քաղաքականություն

«Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 մարդ։ Հարուցել են քրեական գործ՝ «խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և փողերի լվացման» հոդվածներով: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ երկու աշխատակից ձերբակալվել է, հինգ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու։ Նախաքննությունը շարունակվում է:

Նախօրեին ադրբեջանական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: «Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի խոսքով՝ աշխատակիցները կապի դուրս չեն եկել: Ավելի ուշ հաղորդվել էր, որ ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են «Sputnik Ադրբեջան» գործակալության խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: