Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանի աթոռը սկսել է ճոճվել

09 Հուլիսի 2025, 19:00

(Ինչո՞վ է պայմանավորված Բաքվի ակտիվությունը և երկրի ներսում լարվածության աճը)

«Շատերի համար աննկատ, բայց Հայաստանը մտավ նախընտրական շրջան։ Որոշ կուսակցություններ ստեղծում են տարածքային գրասենյակներ, մյուսներն արդեն հիմա մտածում են առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափերի մասին (դա անում են նաև նրանք, ովքեր ամենից բարձր են խոսում այն մասին, որ պետք չէ մասնակցել ընտրություններին), իսկ Նիկոլ Փաշինյանը գրոհում է։ Ձերբակալություններ, Էջմիածնի մոտալուտ գրոհի մասին հայտարարություն, էլեկտրական ցանցերի ռեյդերային զավթման փորձ, խուզարկություններ, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուք, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկում. այս ամբողջ սրացումը կապված է սպասվող ընտրական գործընթացների հետ և հատկապես սրվել է Սամվել Կարապետյանի քաղաքական հայտից հետո:

Հատկանշական է, որ այստեղ մենք գործ ունենք փակ շրջանի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ ձերբակալելով Սամվել Կարապետյանին, ինքն է նրան դարձրել քաղաքական գործոն։ Կարապետյանի ընտանիքի հետ նրա առճակատման յուրաքանչյուր նոր փուլ ավելի ու ավելի է ամրապնդում հենց Կարապետյանի ձգտումը՝ ակտիվորեն պայքարելու գործող իշխանության դեմ, ինչի մասին է վկայում այն, որ փաստաբանների թիմը շարունակում է դատական հայցերով «տորպեդահարել» փաշինյանական թիմին (Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ դատական հայցերին այսօր ավելացել են զրպարտության համար հայցեր Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ), ինչպես նաև ԶԼՄ-ներում արդեն շրջանառվող տեղեկատվությունը նրա կողմից պոտենցիալ քաղաքական ուժի ձևավորման մասին։ Ֆիզիկայի օրենքները կարող են գործել նաև քաղաքականության մեջ։ Իսկ Նյուտոնի երրորդ օրենքը մեզ սովորեցնում է՝ «ցանկացած գործողություն առաջացնում է հակազդեցություն»։

Ներքաղաքական լարվածության ֆոնին նկատելի է նաև հայ-ադրբեջանական ուղղությամբ գործընթացի ակտիվացումը, և խոսքը ոչ միայն այն տեղեկատվության հրապարակման մասին է, որ հուլիսի վերջին հնարավոր է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Դուբայում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն կա։ Որպեսզի խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է ևս մեկ վերջին քայլ. Բաքուն սպասում է, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը»։ Օրեր առաջ նույնն էր ասել նաև Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Բաքվում, տեսնելով ներքաղաքական լարվածությունը, ցանկանում են մինչև վերջ «քամել Փաշինյանին»։ Ցանկանում են դա անել մինչև Փաշինյանը վարչապետի աթոռը լքի, և այդ իսկ պատճառով կձգտեն սահմանադրական փոփոխությունների հասնել դեռևս ԱԺ ընտրություններից առաջ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։