Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
24 Հուլիսի 2025, 12:00
(Կո՞ւլ կտա «քաղաքակիրթ Արևմուտքը» Հայաստանի և Ուկրաինայի իշխանությունների կոռուպցիան և անօրինականությունը)
«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու միջև իսկապես շատ ընդհանրություններ կան, առաջին հերթին այն, որ նրանք երկուսն էլ նույն աշխարհաքաղաքական հոսանքի արդյունք են, որն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Սակայն ավելի մանրամասն քննության դեպքում պարզ է դառնում, որ նրանք նման են նաև ներքաղաքական գործընթացների իրենց ընկալումներում։ Երբեմն նրանք նույնիսկ համաժամանակյա են գործում, ինչպես, օրինակ, հիմա։
Մի կողմից՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում քարոզչությունը պնդում է, որ երկրներն իրենց տարածաշրջանների առաջատարներն են ժողովրդավարության ոլորտում (երկու երկիրն էլ իրենց դիրքավորում են որպես ժողովրդավարության բաստիոններ)։ Միջազգային ինստիտուտները գովում են երկու երկրների կառավարություններին՝ միշտ նշելով նրանց «ձգտումը և ժողովրդավարական առաջնորդությունը»։ Եվ երկու առաջնորդներն էլ, ըստ ամենայնի, ցանկանում են չարաշահել արևմտյան ինստիտուտների դրական վերաբերմունքն իրենց նկատմամբ։
Այսպես, հուլիսի 22-ին Վլադիմիր Զելենսկին ստորագրեց թիվ 12414 օրենքը՝ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության (САП) լուծարման մասին։ Այս ինստիտուտները ստեղծվել էին հիմնականում ամերիկյան փողերով՝ Ուկրաինայում բարեփոխումների և երկրի իշխանությունների վերահսկողության համար։
Սակայն ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը և նրա բախումները Զելենսկու հետ այնքան «նեղացրին շրջանակը» Զելենսկու շուրջ, որ նրան ոչինչ չէր մնում, քան այդ կառույցները վերահսկողության տակ վերցնելը, քանի որ դրանք սպառնում էին նրա անձնական անվտանգությանը։ Այս որոշումից հետո ողջ Ուկրաինայում սկսվեցին բողոքի ակցիաներ, իսկ ԵՄ-ից հայտարարեցին, որ տվյալ որոշումը կասկածի տակ է դնում Ուկրաինայի եվրոպական հեռանկարները։ Սակայն Զելենսկուն դա չի անհանգստացնում։ Նա մինչև վերջ կգնա, քանի որ դրանից է կախված նրա ազատությունն ու ապագան։
Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև Նիկոլ Փաշինյանի մոտ։ Այսօր հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է Հայաստանի կառավարության դեմ ներկայացված հայցը՝ ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ։ Սակայն ՀՀ կառավարության հայտարարություններն արդեն իսկ վկայում են այն մասին, որ այն մտադիր չէ կատարել դատարանի որոշումը։ Սա տեղի է ունենում նույնիսկ այն բանից հետո, երբ, փորձագետների կարծիքով, դատարանի որոշումը չկատարելը կարող է հանգեցնել նույնիսկ ՀՀ արտասահմանյան ակտիվների սառեցմանը։
Իրավիճակները Ուկրաինայում և Հայաստանում լավ փորձություններ են նաև հավաքական Արևմուտքի համար։ Կո՞ւլ կտան արդյոք նրանք ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ նման ոտնձգությունը, ցույց կտա ժամանակը։
Մտածե՛ք այդ մասին․․․»։