Ներկա իշխանության պտուղները չար են և դիվային. Տեր Քերովբե քահանա Բարսեղյան

24 Հուլիսի 2025, 10:40

Քաղաքականություն

Մոսկվայի հայկական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Քերովբե քահանա Բարսեղյանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին՝ հայտարարելով, որ նրանց գործողություններն ու հռետորաբանությունը հակասում են քրիստոնեական արժեքներին:

Նրա խոսքով՝ երկրում պետական մակարդակով տարածվում է վիրավորական և նվաստացնող խոսք, ներառյալ հենց վարչապետի արտահայտությունները, որոնք ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ։

Հոգևորականն ընդգծել է, որ նման պահվածքը չի կարող համարվել խոսքի ազատության դրսևորում, այլ վկայում է բարոյական անկման մասին: Նա հիշեցրել է Ավետարանի խոսքերը. «Մարդուն չի պղծում այն, ինչ մտնում է բերանով, այլ այն, ինչ դուրս է գալիս բերանից» և կասկած է հայտնել պետության ղեկավարի աղոթքների անկեղծության մեջ, եթե նրա արտահայտություններն ամեն օր հայհոյում են եկեղեցուն:

Բարսեղյանը նշել է, որ Սաղմոսին ծանոթ մարդը պետք է գիտակցի իր խոսքերի ու արարքների հետևանքները:

«Ծառը ճանաչվում է իր պտուղներից, իսկ ներկայիս իշխանության պտուղները չար են ու դիվային», — եզրափակել է նա՝ կոչ անելով երկրի ղեկավարությանը հասարակությանը մոլորության մեջ չգցել հոգևոր պատկանելության վերաբերյալ: