Հայ մարզուհիները ոսկի, արծաթ ու բրոնզ են նվաճել Եվրոպայի հրաձգության առաջնությունում
27 Հուլիսի 2025, 17:24
Աիդա Ազատյանը դարձել է Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդների հրաձգության առաջնության հաղթող, Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Վազող թիրախ նորմալ վազք վարժության երիտասարդների անհատական պայքարի որակավորման փուլում Ազատյանը խոցել է 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցել են կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթել են մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար պայքարում հայ հրաձիգներից դիպուկ գտնվել է Ազատյանը։
Արդյունքում՝ 7:5 հաշվով Աիդա Ազատյանը հաղթանակ է տոնել և դարձել երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող։
Լիլիթ Մկրտչյանը, տոնելով իր նորամուտը Հայաստանի հրաձգության հավաքականում, նվաճել է երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։
Արուսյակ Գրիգորյանն էլ որակավորման փուլում խոցել է 559 միավոր և հայտնվել լավագույն քառյակում։ Բրոնզե եզրափակչում 8:6 հաշվով հաղթելով ուկրաինացի մարզուհուն՝ նա նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի առաջնության հաղթող էր դարձել Հայաստանը ներկայացնող հրաձիգների եռյակը (Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան)։