ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հարյուրավոր չվերթեր են ուշացվել և չեղարկվել

17 Հոկտեմբերի 2026, 17:00

Միջազգային

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին հոկտեմբերի 17-ի գիշերը խաթարվել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշորագույն օդանավակայանների աշխատանքը։

«Շերեմետևո» օդանավակայանում 53 չվերթ ուշացել է, 143-ը՝ չեղարկվել։ «Վնուկովո» օդանավակայանում ուշացել է 113, չեղարկվել՝ 55 չվերթ։ «Դոմոդեդովո» օդանավակայանում ուշացել է 59 չվերթ։

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում չեղարկվել է 32 չվերթ, ևս 140-ը՝ ուշացել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերջին ժամերի ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է ավելի քան 140 անօդաչու թռչող սարք։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ շաբաթ օրվա գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի տարբեր շրջանների և Սև ծովի ջրային տարածքի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 610 անօդաչու թռչող սարք։