Հրաձգության Հայաստանի հավաքականը Ֆրանսիայում 17 մեդալ է նվաճել

31 Հուլիսի 2025, 17:10

Սպորտ

Հրաձգության Հայաստանի հավաքականը Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացված վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում նվաճել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Մեծահասակների պայքարում չեմպիոն է դարձել Գոռ Խաչատրյանը (10 մ), իսկ Հովհաննես Մարգարյանը՝ (50 մ) մրցատարածությունում։

Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն են դարձել Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը։

Հայաստանի մեծահասակների հավաքականը լավագույնն էր նաև թիմային պայքարում։ Տղամարդկանց և կանանց Հայաստանի թիմերը տարբեր մրցաձևերում երեք անգամ դարձել են չեմպիոն, երկու անգամ՝ արծաթե, և մեկ անգամ էլ նվաճել բրոնզե մեդալ։

Երիտասարդների պայքարում ԵԱ-ի հաղթող է դարձել Աիդա Ազատյանը, որը արծաթե մեդալ է նվաճել նաև խառը վազք մրցաձևում։ Երիտասարդների հավաքականի նորեկ Լիլիթ Մկրտչյանը նորմալ վազք մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ։