Գնդակը ՀԾԿՀ նախագահի դաշտում է, նա պետք է կասեցնի Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունը. Դավիթ Ղազինյան
27 Օգոստոսի 2025, 13:39
Կառավարությունն ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դիմումի, արձանագրել է, որ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշումը անհրաժեշտ է կատարման: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
Նա պատմեց, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի կատարվի Ստոկհոլմի արբիտրաժի միջանկյալ որոշումը և վերացվի ՀԾԿՀ նախագահի այն որոշումը, որով Մեսրոպյանը ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ:
Ըստ Դավիթ Ղազինյանի՝ ՀԾԿՀ նախագահը ի պատասխան ասել է, որ դա իր իրավասությունների շրջանակում չէ, բայց հետո՝ օգոստոսի 6-ին, նա նամակ է ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Այդ նամակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավարին է ներկայացրել Նարեկ Կարապետյանից ստացված նամակն ու հետաքրքրվել, թե արբիտրաժի որոշման ճանաչման կամ կատարաման ենթակա լինելու վերաբերյալ Կառավարության դիրքորոշումն ինչպիսին է:
ՀԾԿՀ նախագահի այս նամակին պատասխանել է ՀՀ վարչապետի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը՝ Լիպարիտ Դրմեյանը:
«Պատասխանում ի թիվս այլնի նշվում է՝ ինչ վերաբերում է արբիտրաժային վեճի կատարմանը, ապա որպես կանոն արբիտրաժային վճիռը կողմերի կողմից ենթակա է անհապաղ կատարման: Համաձայն Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների 2-րդ հավելվածի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հրատապ որոշումը պարտադիր է կողմերի համար կայացման պահից»,- նամակից մեջբերեց Դավիթ Ղազինյանը:
Ըստ ՀԷՑ-ի նախկին պաշտոնյայի՝ այս նամակով Կառավարությունը իմիտիացիա է ստեղծում, թե իրենք իրենց կարծիքը հայտնել են, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անկախ մարմին է և ինքը պետք է որոշի:
«Սա պետական գործելաոճ չէ, որովհետև եթե պետությունը միանում է միջազգային ինչ-որ պայմանագրի, համաձայնագրի, դա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը որոշում է դրա սահմանադրականության հարցը, հետո այն վավերացվում է ԱԺ-ի կողմից: Սա նշանակում է, որ միջազգային պայմանագրերն ավելի վեր են, քան ներքին օրենսդրական ակտերը: Հիմա գնդակը հանձնաժողովի նախագահի դաշտում է, նա իր որոշումով պետք է կասեցնի ժամանակավոր կառավաչի գործունեությունը: Նա այսքան ինֆորմացիան ստանալուց հետո ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին պատասխանում է, որ մեր իրավասությունների դաշտում չէ, հանձնաժողովի նախագահը գործում է օրենքներով, բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչու է այդ դեպքում նա դիմել Կառավարությանը, որպեսզի պարզաբանում ստանա: Իմ կարծիքով՝ դիմել է, որ հասկանա, թե ինչպես պետք է գործի»,- ասաց Դավիթ Ղազինյանը:
Alpha News-ի հարցին ի պատասխան, Ղազինյանն ասաց, որ արբիտրաժի միջանկյալ որոշումը չկատարելը միջազգային դատարանի կողմից լուրջ չի նայվելու:
«Կարծում եմ՝ միանշանակ հետևություններ լինելու են, դա կարճաժամկետ չի երևալու, էնպես չի, որ փայտերը ձեռքները գալու են ու ասեն՝ ինչու չեք կատարում, բայց միանշանակ հետևություններ լինելու են: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի վարկի, ներդրումների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Պատկերացրեք, որ կա ինչ-որ ներդրող ու տեսնում է, թե Հայաստանում ինչ է կատարվում, հերիք չի ամենամեծ ներդրումներից մեկն են ուզում խլել, հերիք չի ապօրինի կալանավորում են ՀԷՑ-ի սեփականատիրոջը, մի հատ էլ չեն կատարում արբիտրաժի որոշումը: Լավ, կարո՞ղ եք գոնե մեկ հոգու գտնել աշխարհում, որը կգա և Հայաստանում ներդրում կկատարի, ես չեմ կարող պատկերացնել»,- հավելեց Դավիթ Ղազինյանը: